Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այն կողմում լինեմ, աչքերս փակ էլ պապիս տունը կգտնեմ» (տեսանյութ)

Հասարակություն
Ujancipapik

Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ 70 ամյա Ազատ Ազատյանը չգիտի՝ ինչ կաներ, եթե որդիները արտերկրից գումար  չուղարկեին. «Թոշակ չկա, աշխատում ենք 50 տարի, ոչ մի բան էլի, չենք կարողանա ապրել, եթե մեր երեխաները դրսից չօգնեն»:  Երեք որդիներից երկուսը արտագաղթել են աշխատանք չգտնելու պատճառով։  Ազատ պապը նեղսրտում է՝ գյուղում մարդ չի մնացել. «Շատերը դուրս են եկել, աշխատանք չկա, գյուղացին ապրում է հողամասով, դրանով էլ չի լինում, երիտասարդները հեռանում են» Ֆիզկուլտուրայի նախկին ուսուցիչը թոշակի անցնելուց հետո  այգեգործությամբ է զբաղվում։ Բերքն առատ է, սակայն վաճառել չի կարողանում. «Բարեկամությունա, բաժանելա բանա, մնացածն էլ մնումա ուտելու բան, հողամասը փոքրա 1200 քառակուսի մետր»: Ազատ պապը կատակում է՝ ձմեռը տաք էր, ձյուն չեկավ, լավ է, բայց ծառերն են ծարավ մնացել. «Էս տարի վերևներում ջուր չկա, Ապարանում ջուր չկա, Սևանից պիտի գա»։ Ուջանի գլխավոր փողոցներից մեկը կրում է Անդրանիկ Օզանյանի անունը, փողոցն ասֆալտապատված չէ։ Ազատ Ազատյանը գյուղի ղեկավարությանը չի մեղադրում, ասում է, բյուջե չկա, եղածի չափով էլ անում են. «Կոմունիստների ժամանակ հիմնական ասֆալտն ամեն տարի եղելա, հիմա բերում փոսալցումներ են անում, բայց անձրևից քայքայվումա»։ Ազատ Ազատյանի պապերը սասունցիներ են, 1915- ին են այստեղ հաստատվել, գյուղի բնակիչներից շատերն Ազատյանների տոհմից է սերում: Նա միշտ երազել է արևմտյան Հայաստան գնալու մասին, բայց ֆինանսները չեն բավականացրել, անկեղծանում է՝ այնքան է լսել Սասունի մասին, որ երբ այն կողմում լինի, աչքերը փակ էլ կգտնի պապական տունը. «Ոչ թե հույս ունեմ, այլ մտածում եմ, որ դրա ժամանակն էլ կգա, ես էլ չտեսնեմ, մեր երեխաները կտեսնեն... օրերից մի օր կբացվի»: Ազատ պապը 9 թոռ ունի, հույս ունի, որ նրանցից գոնե մեկը կվառի Սասունում մնացած  տան ճրագը։