Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թերթերի վաճառքը գրեթե կրկնակի պակասել է

Հասարակություն
29004334_2254449734568940_919013398_n

Հայաստանում թերթերի վաճառքը անցած տարվա համեմատ պակասել է գրեթե երկու անգամ։ Կրպակավաճառները  հավաստիացնում են, որ  ընթերցողները հայալեզու մամուլից նախընտրում են  «Հայկական ժամանակը», մեծ է նաև «Ժամանակ» և «Հրապարակ» թերթերի պահանջարկը։ Իսկ ահա ռուսալեզու թերթերից ըստ գնողունակության, առաջատարն է «Գոլոսը»։ Վաճառքի կրճատման այս տենդենցը նկատելի է արդեն վերջին մի քանի տարվա ընթացքում։ Ընդիմադիր թերթերի մեծ պահանջարկը հիմնականում պայմանավորված է ավելի մեծ ծավալի տեղեկատվությամբ։ Պաշտոնական լրատվամիջողների համեմատ այստեղ մեծ տեղ է հատկացվում հանրությանը մտահոգող խնդիրներին,  բարձրաձայնվում են նոր պրոբլեմները։ Թերթերի վաճառքի վրա էապես չի ազդել նաև որոշ թերթերի գնի թանկացումը։ Ներկայումս 1 տպօրինակի միջին արժեքը 150-200 դրամ է։ Վաճառողները շեշտում են, որ թերթերի  հիմնական ընթերցողների թիվը չի փոխվել նույնիսկ թանկացումից հետո։ Միաժամանակ, թերթ գնողների մեջ շարունակում է մեծանալ տարեց ընթերցողների տեսակարար կշիռը։ Երիտասարդ սերնդի ներկայացուցիչները գնում են թերթերը միայն բացառիկ դեպքերում՝ նախընտրելով էլեկտրոնային  լրատվամիջոցները, որոնց կարելի է հետևել նաև հեռախոսների միջոցով։ Թերթերի վաճառքի վրա ազդում է նաև կրպակների տեղակայումը։ Ավելի մեծ վաճառք իրականացվում է պետական և այլ հաստատությունների, տրանսպորտային հանգույցների մոտակայքում և ավելի քիչ՝ արվարձաններում։ Կրպակավաճառները նաև նշում են, որ պատկերացում կազմել թերթերի իրական տպաքանակի  և վաճառքի մասին՝ դժվար է, քանի որ նրանց մի մասը շարունակվում է կեղծ տպաքանակով հրապարակվել։ Այնուամենայնիվ, կեղծ տպաքանակ նշելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կապված է հարկային պատասխանատվության հետ։ Ի դեպ, տպարաններում հրաժարվեցին թերթի իրական պատվերի մասին տեղեկություն տալ, իսկ խմբագրություններից մի քանիսում շեշտեցին, որ երբեք կեղծ թիվ չի նշվել, և առաքում են այնքան, որքան պահանջվում է։ Թերթերի խմբագրություններում նշում են, որ արդեն հարմարվել են նոր իրականության հետ և իրենց ֆինանսական հնարավորությունները մեծամասամբ կապված են գովազդների, այլ ոչ թե վաճառքի քանակի հետ։ Ինտերնետային տարբերակ ունեցող թերթերը նախընտրում են  հրապարակել բացառիկ տեղեկատվություն և վերլուծություններ, հրապարակման օպերատիվությամբ մրցելով արդեն համացանցային տիրույթում։ Մեր զրուցակիցները տպագիր պարբերականների համար կարևոր  խնդիր են համարում թերթ կարդալու ավանդույթի պահպանումը, մանավանդ՝ երիտասարդության շրջանում։