A
A
Պաշտպանն արձանագրել է կոպիտ խախտումներ հոգեբուժարաններում. զեկույց
2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
- թեև հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են,
- առկա են ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված հարկադիր բուժման հետ կապված մի շարք օրենսդրական և գործնական խնդիրներ,
- օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ,
- հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է,
- մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետները (օրինակ՝ մանկական հոգեբույժներ),
- չկա գիշերային ժամերին հոգեբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն, իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, այդ թվում՝ նաև Երևանում,
- արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, դեղերի ոչ պատշաճ պահպանում և խոտանում,
- եղել են հոգեմետ դեղերի հաշվառման և տրամադրման մատյանների ոչ պատշաճ վարման դեպքեր,
- բացակայում են անհետաձգելի հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում անձին հոգեբուժական կազմակերպություններ տեղափոխելու և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու մեխանիզմները,
- առկա է դեղորայքային բուժումից զատ այլընտրանքային բուժման մեթոդների կիրառման խիստ պակաս,
- հոգեբուժական կազմակերպություններում կան գերբնակեցվածության դեպքեր,
- առկա է հոգեբուժական որոշ կազմակերպություններում կանանց և տղամարդկանց բաժանմունքների առանձնացման խնդիրներ,
- մի շարք դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում,
- առկա է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
- կան ոչ պատշաճ քանակի և միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ,
- պատշաճ կերպով չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի իրավունքը,
- բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և վերջիններիս կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները: