Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Շարապովան խոսել է առողջական խնդիրների մասին

Սպորտ
sport-sharapova

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան պատասխանել է երկրպագուներից մեկի քննադատությանը, որը ռուսաստանցի թենիսիստուհուն պախարակել է մրցաշարերից հաճախակի հրաժարվելու համար: «Ես շատ հիասթափված եմ, որ Մարիան կրկին այդպես վարվեց: 2015 թվականին ես գնել էի Սոչիում կայանալիք ֆեդերացիայի գավաթի խաղի տոմս, որին հայտավորվել էր նաեւ նա: Սակայն հանդիպումից երկու օր առաջ Մարիան հրաժարվեց մասնակցությունից: Այս անգամ ես Մայամիի մրցաշարի երկու տոմս էի գնել, մեկն իմ, մյուսը՝ ընկերուհուս համար, որը շատ է ցանկանում դիտել Մարիայի խաղը: Եվ նորից, թենիսիստուհին վերջին պահին հրաժարվեց մասնակցությունից: Ես անչափ սիրում եւ հարգում եմ Մարիային, սակայն այս անգամ շատ եմ հիասթափված: Կարծում եմ, նա պետք է ազնիվ լինի երկրպագուների հետ եւ ճիշտն ասի», - իր թվիթերյան էջում գրել է թենիսիստուհու երկրպագուն: Մարիա Շարապովան իր անձնական էջում անմիջապես պատասխան է գրել.  «Ես չեմ սիրում պատմել իմ վնասվածքների եւ առողջական խնդիրների մասին, քանի որ դա պրոֆեսիոնալ մարզիկների կյանքի մի մասն է կազմում, որոնք փորձում են հաղթահարել դրանք: Ինդիան Ուելսի մրցաշարից առաջ ես տեղական նարկոզ էի կատարել ձախ ուսիս շրջանում, որը վերջին ժամանակներում անընդհատ անհանգստացնում էր: Բացի այդ պարզվեց, որ թոքերիս մեջ օդային պղպջակներ կան: Այդ իսկ պատճառով, ես երեք շաբաթ չեմ կարող ինքնաթիռով թռչել: Ցավում եմ, որ ձեր ընկերուհին չի կարող դիտել իմ խաղը, սակայն հույս ունեմ, որ նա հաճույք կստանա մյուս թենիսիստուհիների խաղից: Իսկ ես կփորձեմ շուտ ապաքինվել եւ պատրաստ լինել մյուս մրցաշարերին», - գրել է անվանի մարզուհին: