Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսկ ո՞վ է փոխարինելի

Քաղաքականություն
aylyntranqayin

Հայաստանում փոխարինելիության խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։  Ըստ էության, Հայաստանում չկա փոխարինելիության մեխանիզմ։ Ո՞վ է ինքնակամ հեռացել։ Ո՞վ է իր տեղը այս կամ այն արդյունքից հետո ինքնակամ զիջել։ Ո՞ր պաշտոնյան է այս կամ տապալումից հետո իր տեղը զիջել։ Ո՞ր կուսակցության նախագահն է մի պահի ասել՝ ժամանակն է, որ տեղս զիջեմ թիմակցիս։ 20-25 տարով նույն դեմքերն են։  Ո՞ր ֆեդերացիայի նախագահն է իր թիմերի խայտառակ ելույթներից հետո իր տեղը զիջել՝ հասկանալով, որ ինքը պետք է հեռանա։ Ճիշտ հակառակը՝ որքան խորն է պարտությունը, այնքան ավելի ագրեսիվ է խոսվում անփոխարինելիության մասին։ Ընտրություններում խայտառակ պարտություն կրած ուժերից ո՞ր մեկի ղեկավարն ասաց. «Ես վերցնում եմ անհաջողության պատասխանատվությունը» և հրաժարական տվեց։ Ոչ, բոլորն իրենց տեղում են, նրանք բոլորը հոգու խորքում իրենց անփոխարինելի են զգում։ Ոչ ոք չի ուզում տեսնել արձանագրված արդյունքի և իր ուղիղ կապը։ Ում ասվում է, որ պետք է տեղը զիջի, պետք է հեռանա, որովհետև կան լուրջ բացթողումներ, տապալումներ, մարդկայնորեն շոկ է ապրում. Ո՞նց թե՝ ե՞ս։ Այդպես են մտածում թե՛ գեներալները, թե՛ ռեկտորները, թե՛ կուսակցապետերը, թե՛ քաղաքապետերը, բոլոր-բոլորը։ 4-5 գումարման անընդմեջ պատգամավորներ կան։ Նույնիսկ կուսակցությունների երիտթևերի ղեկավարները չեն փոխվում։ Չեն ուզում փոխվել։ Սա էլ, ախր, կենսաբանական-տարիքային բաղադրիչ ունի իր մեջ։ 20-30 տարի մարդիկ նույն պաշտոններինն են։ Գոյություն չունեցող ժուռնալիստների  միության 80-ամյա նախագահն էր դժկամությամբ հեռանում։ Մերձքաղաքական, պետական համակարգերը մի կողմ՝ հկ-ների նախագահների փոփոխություն տեսած կա՞ք։ Անկախ իրենց ոլորտից ու արժեհամակարգից. որևէ արևմտամետ ու ազատամիտ հկ-ի ղեկավարի փոփոխություն եղե՞լ է։ Թատրոնների, ստեղծագործական միությունների ղեկավարների փոփոխություն եղե՞լ է։ Այնպիսի տպավորություն է, թե բոլոր տեղերում միայն հաջողություններ ու բարձր արդյունքներ են գրանցվում, և հետևաբար՝ նույն մարդիկ պետք է շարունակեն աշխատել։ Ազգային Հերոսի կոչում ստացած Չեքիջյանը 57 տարի է՝ ղեկավարում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը։ Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս։ Պատկերացրեք՝ երկար տարիների ընթացքում քանի-քանի սերունդ երիտասարդների չի փոխանցվել «տարիների ընթացում կուտակված՝ երևացող և չերևացող փորձը»։ Լինում են, իհարկե, դեպքեր, երբ մարդը բացառիկ տաղանդավոր է ու իրոք անփոխարինելի, կամ՝ իր տեղում իրոք չունի համարժեք փոխարինող, բայց սա արդեն նույնպես խնդիր է՝ որոշակի ոլորտում ունակ մարդկանց սակավության խնդիրը, որը նույնպես պետք է ուսումնասիրվի՝ հասկանալու համար, թե ինչու չեն գործում փոխարինողների կայացման մեխանիզմները։ Խնդիրը բոլոր առումներով շատ խորն է։ Սա խոսում է լրջորեն խաթարված մեխանիզմի մասին։ Սա սովորաբար բնորոշ է չկայացած հասարակություններով պետություններին։ Երբ չեն գործում փոփոխությունների քաղաքական աշխարհիկ մեխանիզմները, բոլորը տեղերում իրենց զգում են կաթողիկոսներ՝ անփոխարինելի։ Երկրում պետք է ձևավորվի հրաժարականների մշակույթ՝ արդյունքի, հասարակության պահանջի և սեփական խղճի թելադրանքի հիման վրա։ Ու երկրում պետք է ձևավորվի պաշտոնանկության մեխանիզմ՝ ոչ թե սիմպատիաների, այլ դարձյալ՝ արդյունքի ու հանրային պահանջի հիման վրա։ Պետությունն ու հասարակությունները կայանում են այդպես։   «Այլընտրանքային նախագծեր խումբ»