Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն մերժեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-1

ԱԺ նիստն այսօր սկսվեց նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությամբ։ Վարման կարգով Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մայր օրենքների քննարկման եւ ապա` քվեարկության կարգին, նշեց, որ դեռ ԱԺ խորհրդի նիստին հայտարարել էր, որ այս դեպքում քննարկումն անցկացնել ոչ թե արագ ընթացակարգով` շուտասելուկի նման, այլ լիարժեք 3 ժամ. «Հիմա` երեկ ամբողջ օրակարգը քննարկեցինք, սպառեցինք, երկու դատարկ օր է մնում ու հիմա պիտի մտածենք, թե ինչ անենք, որ հետաքրքիր անցնի»: Դահլիճը սկսեց ծիծաղել։ Երբ քվեարկության էր դրվում Ելք խմբակցության նախաձեռնած «Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հայտարարության նախագիծը, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի վերջո արձանագրվեց, որ որեւէ ապացույց չկա, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասում` ցուցարարները ավտոբուսի հետեւից դուրս են եկել ու կրակել ոստիկանների վրա։ Դրա համար պիտի նա պարտավոր է հարցաքննության գալ ու ասի, թե ինչի վրա է հիմնվել, երբ նման հայտարարություն է արել»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը իր կողմից հայտարարեց` թեեւ կիսում են մարտի մեկի զոհերի ծնողների վիշտը, սակայն ելնելով ներկայացված հայտարարության դրույթների տառացի մեկնաբանությունից, որ ԱԺ կողմից պահանջ է ներկայացվում իրավապահ մարմիններին` հետաքննություն անել, իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր հերթին նշեց. «Փաստենք երկու բան` ներկայացված հայտարարության նախագծի բովանդակության հետ կապված` այն իփարատեց մեր մտահոգությունները։ Ինը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը. բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը, քրեական գործում կան, այդ նյութերին ծանոթանալու իրավունք ոչ ոք չունի. դրանցով քննություն իրականացվում է»։ «Պաշտոնապես պնդում եմ` չի կարող լինել նման տեսագրություն, ու որեւէ ցուցարար կարող չկ կրակել։ Իսկ մեր տեքստի վերաբերյալ որեւէ առաջարկ որեւէ խմբակցության կողմից չի հնչել»,- կ պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ձեր կողմից պաշտոնապես պնդելը ես դիտում եմ որպես անպատասխանատու հայտարարություն»,- հայտարարեց Գեւորգ Կոստանյանը։ «Այո, ես հայտարարում եմ ու թող որեւէ մեկը հակառակը ապացուցի, բաց մարտահրավեր եմ նետում»,- իր դիրքորոշումը պնդեց Նիկոլ Փաշինյանը։ Վարման կարգով խոսեց նաեւ մարտի մեկի իրադարձությունների մասնակից, այդ օրերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, այժմ` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն` ասելով. «Խնդիրն այն չէ, թե ով է կրակել. եթե ընդդիմության կողմից կրակոց չի եղել, ապա ինչու է իշխանությունը զենք կիրառել»: Նախագիծը չանցավ 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ։ Ի դեպ, սկզբում քվեարկության լուսատախտակն արձանագրել էր 14 կողմ, որոնցից 5-հ ՀՀԿ խմբակցությունից։ Այնուհետեւ, ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Մարգարիտ Եսայանը, Ալիկ Սարգսյանը, Արկադի Համբարձումյանը, Կորյուն Նահապետյանը ձեռք բարձրացրին` հայտարարելով, թե սխալվել են։ ԱԺ օրակարգը սպառվեց։ Ժամը 14:30-ին` մեկ ժամվա ընթացքում տեղի կունենա Ելք խմբակցության հարցապնդման քննարկումը, իսկ 16:30-ին Կառավարության հետ հարցուպատասխանը կլինի։ Այս պահին խորհրդարանում անցկացվում են ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված ՍԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի փակ, գաղտնի քվեարկությունը։ Կեսօրին ընտրության արդյունքները կամփոփվեն։