Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդների պարտքն է լավ ապագա ստեղծել Հայաստանի համար. ԵՄ դեսպան (տեսանյութ)

Հասարակություն
svitalski

«ԵՄ-ն հանուն երիտասարդության» Եվրոպական միության նախաձեռնությունը այսօր պաշտոնապես մեկնարկեց։ ԵՄ դրամաշնորհներ է տրամադրում չորս ծրագրի՝ որոնք կաշխատեն երիտասարդների կարողությունների զարգացման համար։ Ծրագրերը հիմնականում կգործեն Երևանից դուրս գտնվող փոքր քաղաքներում՝ խթանելու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունը, կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կտրամադրեն ձեռնարկատիրության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ։ Այս նախաձեռնությունը 2017 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ համաձայնեցված Երիտասարդություն և կրթություն նոր փաթեթի մասն է: Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն նշեց. «Երիտասարդներին ուղղված Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի հետ մեր համագործակցության հիմնական առաջնահերթություններից մեկն է: Երիտասարդների կարողությունների զարգացումը, կրթության հավասարաչափ մատչելի լինելը, շարժունակության հնարավորությունների և զբաղվածության ապահովումը հզորացնում է նրանց և դարձնում հասարակության ակտիվ անդամներ»: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ավելացրեց. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում սկսում ենք այս խոշոր նախաձեռնությունը և կարևոր աջակցություն ենք ցուցաբերում երիտասարդական միություններին լրացուցիչ վերապատրաստման և մենթորության, ինչպես նաև նոր աշխատատեղերի և գործարար հնարավորությունների միջոցով: «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության չորս նոր ծրագրերն ընդգծում են Եվրոպական միության առաջնահերթությունը` օգնել երիտասարդության շրջանում գործազրկության կրճատմանը»: Այսօր մեկնարկած չորս ծրագրերը կնպաստեն հայաստանցի երիտասարդների, հատկապես սահմանափակ հնարավորություններով երիտասարդների համար  լրացուցիչ վերապատրաստումների, կարողությունների և հմտությունների զարգացման, պրակտիկայի և աշխատանքին զուգահեռ ուսուցման հնարավորություններին: Ծրագրերը հիմնականում կգործեն Երևանից դուրս գտնվող փոքր քաղաքներում՝ խթանելու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունը, կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կտրամադրեն ձեռնարկատիրության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ։