Նովրուզը նշելու համար Հայաստանը հարմար երկիր է (տեսանյութ)

Ազգային ամանորի՝ Նովրուզի հանգստյան օրերին իրացիները նախընտրում են հարևան երկրներից Հայաստան այցելել: Պատճառները մի քանիսն են՝ իրենց համար մեր երկիրն ավելի էժան է, մոտ և անվտանգ, իսկ բնակչությունը՝ ավելի բարյացակամ:  Այս մասին Ա 1+-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի մշակութային խորհրդական Սեեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

 «Նովրուզի օրերին իրանցիները նախընտրում են անցկացնել հանգիստը ճանապարհորդելով, քանի որ սիրում են նորություններ և բացահայտումներ: Այս օրերին ակտիվանում է ներքին տուրիզմը: Մեծ թվով իրանցիներ այցելում են հոգևոր կենտրոն Մաշադը, բայց մի այլ զանգված մեկնում է Եվրոպա կամ հարևան երկրները: Իրանցիները կրոնական կամ այլ սահմանափակումներ չեն դնում և գնում են այնտեղ, որտեղ խաղաղ է, հետաքրքիր և ապահով: Բնական է, որ Հայաստանն իրանցիների համար շատ հարմար է: Նովրուզը ընտանեկան օր է, և կապ չունի, թե որ երկրում և ինչպես է նշվում: Այն խաղաղություն և նոր կյանք խորհրդանշող տոն է»:, – նշում է նա:

Խորհրդականի խոսքով՝ իրանցի զբոսաշրջիկը կազմակերպում է Հայաստանում իր հանգիստն ըստ իր նախասիրությունների: Վերջին տարիներին մեծացել է կրոնական զբոսաշրջության տեսակառար կշիռը: Իրանցիները այցելում են Էջմիածին, հոգևոր կենտրոններ և պատմամշակութային հուշարձաններ:  Միաժամանակ, ոչ բոլոր իրանցիներն են տեղյակ  Հայաստանի մասին և գակիս են Հայաստան միայն հետևելով գովազդին:

 «Ցավոք, Հայաստանի տեղեկատվության մասին մեծ պակաս կա: Իրանցիների մեծագույն մասը ոչ մի տեղեկություն չունի Հայաստանի, նրա հոգևոր, մշակութային և այլ առանձնահատկությունների մասին: Նրանք մեկնում են այստեղ միայն մոտ և էժան լինելու պատճառով: Այդ մասին նշում են նույնիսկ իրանական տուրօպերատորները: Փաստացի՝ սա  Իրանում Հայաստանի բրենդն է», -նշում է Սեեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

Այնուամենայնիվ,  ըստ խորհդրականի, վերջին տարիներին Հայաստանում մեծացել է Նովրուզին նվիրված միջոցառումների թիվը: Պաշտոնական մակարդակով միջոցառումները Հայաստանում անցկացնում է Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնը: Կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, սեմինարներ: Իսկ էստրադային երգիչների համերգները մեծամասամբ մասնավոր նախաձեռնություններ են: 

 «Հայաստանում մեր միջոցառումները երեք տեսակի են. կրոնական՝ միայն իրանցիների համար,  ազգագրական՝ մեր հայ բարեկամների մասնակցությամբ կամ հրավերով և տեղական մշակութային և գիտական հաստատությունների հետ համատեղ: Հուսով ենք, որ այս տարի մեր համագործակցությունը շատ նշանակալին կլինի», – ասում է մեր զրուցակիցը:

Թեև Հայաստանում ավելացել են Նովրուզը նշող իրանցիների թիվը, այնուամենայնիվ մեզ մոտ էլ շատ  տեղյակ չեն  հարևան ժողովրդի ավանդույթներից։

Նովրուզը շուրջ հինգ հազար տարվա պատմություն ունի և 2010- թվականից գրացված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես համամարդկային հոգևոր ժառանգություն: Այն պարտադիր նշվում է գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին: Ամանորի նախօրյակին իրանցիները մաքրում են իրենց տները և ազատվում հնից: Տոնական սեղանն անվանում են «խավտ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ մթերք, որոնց անվանումը պետք է սկսվի արաբերենի սին տառով: Պարտադիր ուտեստն է ձուկը: Սեղանին դրվում է հայելի, կարմիր գույնի ներկած ձու, աղանդեր և ընտանիքի անդամների թվով մոմեր են վառվում: Նովրուզի ժամանակ ընդունված է նաև գուշակություններ անել: