Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքից հեռացված դասախոսները կդիմեն գլխավոր դատախազին (տեսանյութ)

Հասարակություն
shirak

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը պատրաստվում են ծավալուն փաթեթ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ ռեկտոր Սահակ Մինասյանի անօրինականությունների մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դասախոսները նշեցին, որ կան բազմաթիվ ապացույցներ և բացահայտումներ ռեկտորի պաշտոնավարման ժամանակ նրա կատարած անօրինականությունների մասին։ Ըստ նրանց՝ ռեկտորը կոպտորեն խախտում է բուհի կանոնադրությունը և փոխում է դրանք՝ հարմարեցնելով իրեն։ Նշենք, որ աշխատանքից հեռացված Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը փաստաթղթեր են պատրաստել նաև փաստաբանի հետ՝ դիմելու դատարան, իրենց շահերը պաշտպանելու համար։ «20 հազար ուսանող ունեցող ԵՊՀ ռեկտորը ստանում է 808 000 դրամ աշխատավարձ, 2500 ուսանող ունեցող ՇՊՀ ռեկտորը ստանում է 700 000 դրամ որպես ռեկտոր և 85 000 դրամ որպես դասախոս, այսինքն գրեթե նույնչափ, որչափ ստանում է Արամ Սիմոնյանը։ Ռեկտոր պարոն Մինասյանի խորհրդականը ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան Սերժ Սարգսյանի խորհրդականը՝ 300 000 դրամ  և այլն։ Սա բուհի գումարների փոշիացում է և նախարարությունը բացարձակ չի արձագանքում։ Դահլիճի վերանորոգման համար ծախսված է 87 մլն 229500 դրամ, բայց աշխատանքները դեռ ավարտված չեն։ Հետաքրքիր է, ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու։ Այսպիսի բազմաթիվ խայտառակ փաստեր մեր բուհից շատ կան»,- ասաց Գագիկ Համբարյանը։ «Ռեկտորի գործողությունների մեջ կա հանցագործություն՝ գրքերի ոչնչացումը, կեղծ լիցենզիաները և այլն։ Ռեկտորը հետապնդում է շահույթ՝ չմատուցելով համապատասխան կրթական ծառայություն։ Ուսանողներին տրամադրվող զեղչերը, ընդհուպ մինչև 80 տոկոս, բոլորը հյավաքվել և ուղղվել են լայնածավալ շինարարության վրա։ Դե սա պարզ է, շինարարության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը շատ են»,- ավելացրեց Հովհաննես Խորիկյանը։ Դասախոսները նաև նշում են, որ ռեկտոր Սահակ Մինասյանը նաև պատշաճ գիտական աստիճան չունի և ընդամենը չորս հոդվածի հեղինակ է և փոխել է բուհի կանոնադրությունը՝ ռեկտորի պաշտոնին համապատասխանելու համար։ Հիշեցնենք, որ մարտի 15-ին Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը հեռացվել են աշխատանքից՝ էթիկայի հանձնաժողովի վարքագծին չհամապատասխանելու հիմունքով։ Նրանք սա դիտարկում են որպես հետապնդում իրենց նկատմամբ՝ ռեկտորի կողմից։ Արդեն քանի օր է դասախոսների պաշտպանությամբ են հադես գալիս  ՇՊՀ ուսանողական խորհուրդը և բազմաթիվ ուսանողներ։ Նրանք դասադուլ են անում՝ պահանջելով դասախոսներին կրկին վերադարձնել բուհ։ Դասախոսների պաշտպանությամբ են հանդես եկել նաև բազմաթիվ ԵՊՀ դասախոսներ, կրթության փորձագետներ և այլն։