Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողոցային լուսավորությունը կզսպի արջերին ու գայլերին (տեսանյութ)

Հասարակություն
gayl

Նոր լուսամփոփները, որոնք կամ վերանորոգվել, կամ նորովի ստեղծվել են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի մի շարք համայնքներում, բնակիչներին կօգնեն ոչ միայն պաշտպանվել, այլեւ պաշտպանել վայրի կենդանիներին: «Անտառներից վայրի կենդանիներից հիմնականում իջնում են արջեր եւ գայլեր: Աղվեսներ էլ կան, սակայն նրանք այնքան էլ վնասակար չեն. նրանք կարող են մտնել գաղտագողի հավանոցներ ու հավեր տանել ընդամենը: Արջերը հիմնականում իջնում են բերքահավաքի ժամանակ մրգատու ծառերն են կոտրատում եւ մեղվաընտանիքներին են շատ վնաս տալիս՝ տանում են գետաբերանին, բացում, ուտում են»,- նշեց  Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը:    Բնության համաշխարհային հիմնադրամը UNDP-ին, մի շարք այլ կազմակերպությունների հետ համատեղ  «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում վայրի կենդանիների միգրացիան ապահովելու նպատակով ֆինանսական աջակցություն են տրամադրել մի շարք համայնքների՝ երկարաժամկետ, կոնկրետ միջոցառումների իրականացման համար: «Եթե գյուղը պատրաստ է մեզ հետ համագործակցել բնապահպանական առումով, մենք կնքում ենք պայմանագիր՝ 10 տարվա կտրվածքով եւ տրամադրում ենք գումարներ, որ իրենք կարողանան իրականացնել բնապահպանական որոշ ծրագրեր: Բացի այդ, ունենք այլ ֆինանսական հատկացումներ՝ գյուղի այլ խնդիրներ լուծելու համար»,- նշեց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Համայնքներ «Էկո-Մեդիա» ցանցի լրագրողներ այցի շրջանակներում քննարկվեց նաեւ «Ընձառյուծի պահպանությունը հարավային Կովկասում» ծրագիրը, որը եւս համայնքային օժանդակության միջոցառումների մաս է կազմում. ստեղծելով համապատասխան միջանցքներ եւ իրականացնելով բնապահպանական ծրագրեր՝ հնարավոր է ապահովել ընձառյուծի միգրացիան: «Ժամանակին այս տարածքում ընձառյուծ եղել է, արձանագրվել է եւ քանի որ կենանիներն իրենց հիշողությամբ օգտվում են նույն միգրացիոն ուղիներից, մենք փորձում ենք այն ուղիները, որոնք հնարավոր է օգտագործվեն կենդանու կողմից, հնարավորինս մեծացնում ենք  այն ապրելավայրերը, որոնք անհրաժեշտ են կենդանու համար, որպեսզի կենանին քիչ-քիչ վերադառնա ու գրավի իր տեղը բնության մեջ»,- վստահեցրեց Բնության համաշխարհային հիմնադրամի բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյան:    Էկոլոգիական միջանցքների ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում փորձ է արվում զարգացնել նաեւ էկոտուրիզմը: Այդ նպատակով վերանորոգվել, բարեկարգվել մի շարք համայնքների ճանապարհներ, ջրագծեր: «Նաեւ իրակացվելու է մի քանի՝ 3-4 հյուրատնային ծառայություն իրականցնող տների վերանորոգման, վերազինման ծրագիր, դպրոցում բնապահպանական անկյունի, ակումբի ստեղծում, վրանատեղիի ստեղծում գյուղամիջում, ձիարշավարանների ու քայլարշավարանների ստեղծում»,- տեղեկացրեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը:             Երեք մարզի 7 համայնքում իրականացված բոլոր այս աշխատանքների համար ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 32 մլն դրամ: