Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 ՇՊՀ-ում դասադուլ է (տեսանյութ)

Հասարակություն
fff

Շիրակի պետական համալսարանի  ուսանողների մի  մասը  դասադուլ է  հայտարարել: Նրանք  բողոքում են համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի որոշումների դեմ, որի արդյունքում աշխատանքից ազատվել եմ դասախոսներ՝ Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը։ Ուսանողների պահանջը հետեւյալն է. «Աշխատանքի վերադարձնել դասախոսներին, ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի  եւ հոգաբարձուների խորհրդի  համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, ինչպես նաեւ ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը »: Համալսարանի պրոռեկտոր՝ Երվանդ Սերոբյանն  ուսանողների գործողությունները համարում է ուղղորդված:  Նա պնդում է, որ համալսարանում երբեք կամայականություններ չեն եղել ։ «Եթե Սահակ Մինասյանն ազատել է դասախոսներին աշխատանքից, դիմեք դատարան , թող պատժեն ռեկտորին: Ուսանողներին կոչ կանեի չխաթարել դասապրոցեսը »: Ուսանողներին չի գոհացնում նաեւ բուհում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: «Երբ  սեփական կարծիք ունես, այդ ժամանակ ստանում ես համապատասխան վերաբերմունք: Կամ պետք է լինես կամակատար, հակառակ դեպքում իրենց  թշնամին ես », ասում է  Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը:  Նա նաեւ նշեց, որ փորձում են ծնողների միջոցով  ստիպել իրեն  չբողոքել: «Իմ ազգականների կողմից զանգ եմ ստացել, ըստ որի  ռեկտոր Մինասյանի կինը խնդրում է, որ հայրս ներկայանա իրենց տուն:  Ձեր հուսահատ քայլերը իմ վրա բացարձակ ազդեցություն չեն ունենա: Իմ ընտանիքում իմ որոշումների հետ հաշվի են նստում »:  Ուսանողները նաեւ բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին: Նամակն արդեն  մոտ 65 ուսանող է ստորագրել, օնլայն հարթակում ուսանողներն ունեն 200-ից ավելի համակիր: Ի դեպ, նախորդ շաբաթվա վերջին Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է,  որ մարտի 24-ին գիտխորհրդի և կառավարման խորհրդի համատեղ ընդլայնված նիստ է լինելու և կքննարկեն նաեւ այս հարցը։