Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհաստանն արագացված ընթացակարգով կվավերցնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
1-4

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների զգալի մասը ուժի մեջ կտնեն ոչ թե ապրիլի 1-ից՝ ինչպես նախատեսված էր, այլ մի փոքր ուշ: «Ապրիլի մեկ ժամկետը միգուցե քաղաքական առումով գուցե ճիշտ է, սակայն որպես կոնկրետ ժամկետ...Եթե չեմ սխալվում, ապրիլի 10-ին է առաջին քառօրյան. կվավերացվի, ըստ ամենայնի, հերթական նստաշրջանի ապրիլի 10-ին: Չեմ կարծում, որ մեկ շաբաթ այս կողմ, մեկ շաբաթ այն կողմը սկզբունքային է քաղաքական տեսանկյունից, սակայն շատ սկզբունքային է իրավական տեսակետից. մենք չենք կարող որեւէ փաստաթուղթ վավերացնել ընթացակարգերի, օրենքների խախտումներով»,- պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:                Մինչ ՀՀ ԱԺ վավերացումը, ՍԴ-ն արդեն դրական որոշում է կայացրել՝ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Համաձայնագրի գործարկմանն անդրադարձավ նաեւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հետ կապերի կոմիտեի նախագահը: Նա ՀՀ ԱԺ-ում էր՝ մասնակցելով համատեղ նիստին: «Մեր քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց ՀՀ կողմից փաստաթուղթը վավերացնելուց հետո Լեհաստանի Հանրապետությունը հնարավորինս արագացված ընթացակարգով փորձի վավերացնել այն, ինչպես նաեւ՝ կմիջնորդի, որպեսզի այդ գործընթացը արագացվի նաեւ Վիշեգրադյան անդամ պետությունների վավերացման գործընթացում: Գործընթացը բավականին երկար կլինի, սակայն հուսադրող ու դրական է այն, որ այդ գործողությունները սկսվեն փոքրիկ քայլերով», մեր հացին ի պատասխան՝ նշեց Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ  հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին:   Հայաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում համագործակցությունը կարգավորող փաստաթուղթը պետք է վավերացնեն ԵՄ անդամ բոլոր 28 պետությունները: Գործընթացն ավարտել է միայն Էստոնիան: Հայ գործընկերների հետ համատեղ նիստի շրջանակներում քննարկվել է նաեւ դեպի ԵՄ վիզաների ազատականացման հարցը: «Մենք նույնպես կդժվարանանք հստակ ժամկետներ ասել, սակայն պարտավորվել ենք քննարկել այդ հարցը մեր առաջնային օրակարգում եւ հնարավորինս կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիներին ազատություն ապահովել՝ առանց վիզային ռեժիմի ԵՄ տարածքում»,- նշեց Մարեկ Ռոցկին:             Բացի ԵՄ-ից, ՀՀ-ն իր հարաբերությունները շարունակում է խորացնել նաեւ ԱՄՆ հետ: ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը վերջերս է վերադարձել Միացյալ նահանգներից: Հաշվի առնելով ԱՄՆ-ՌԴ հակասությունները՝ արդյոք մեր պատվիրակությունը խնդիրների առջեւ կանգնե՞ց՝ որպես ՌԴ ռազմավարական դաշնակից: «Մենք շատ ազնիվ ենք եղել: Ի դեպ, մենք ազնիվ ենք լինում ոչ միայն Վաշինգտոնում, այլեւ Մոսկվայում եւ մյուս գործընկերների հետ: Մենք ԱՄՆ-ում ասել ենք, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը, իր շահերն ու գերակայությունները կառուցում է իր ազգային շահի վրա: ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է եւ մենք մեր հարաբերությունները կառուցում ենք՝ ելնելով այդ պարզ ճշմարտությունից»,- ասաց պատվիրակության նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Հայ-ռուսական հարաբերություները ամերիկյան գործընկերների կողմից բազմիցս դրվել են սեղանին, սակայն մեզ հաջողվել է ներկայացնել, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքական օրակարգն ունեցող երկիր է՝ ունենալով զգայուն խնդիրներ, զգայուն մարտահրավերներ, որոնց հետ պետք է հաշվի նստել»,- վստահեցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:   Հայ-ամրիկյան հանդիպումների ընթացքում քննարկվել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կասեցումը ՀՀ-ում: Պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ մեծ ակնկալիքներ չունեին, որ վերջնական լուծումների կհանգեին. ծրագիրը 2008թ. դադարեցվել էր քաղաքական նկատառումներով, սակայն վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ակնհայտ են ու հիմա ՀՀ-ն համապատասխանում է «Հազարամյակի մարտահրավերներ»-ի չափանիշներին: