Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանցի զբոսաշրջիկները դժգոհ են հյուրանոցների գներից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
parsikner

Իրանական Ամանորի՝ Նովրուզի առիթով Հայաստան այցելած մեկ իրանացի զբոսաշրջիկը  մեր երկրում 5 օրվա ընթացքում կծախսի միջինը  500 հազար դրամ։ Իրանցի զբոսաշրջիկները գոհ են սննդի և ծառայությունների գներից և որակից, բայց դժգոհ՝ հյուրանոցների և բնակարանների գներից։ «Այս օրերի համար նախատեսել եմ 1000 դոլար։ Ճիշտն ասած, Հայաստանը բավական թանկ է մեր երկրի համեմատ, բայց ունի իր առանձնահատկությունները։ Բայց իմ համար ավելի ձեռնտու և էժան է գալ Հայաստան, քան Վրաստան կամ Ադրբեջան»,- «Ա1+»-ի  լրագրողի հետ զրույցում ասում է իրանցի  Մահդին։ «Նովրուզը նշելու եմ Երևանում ընտանիքով՝բարեկամների մոտ։ Գները համարյա նույն են, ինչ Թեհրանում», - նշում է Մեհրանը։ Չնայած  այս գներին՝ զբոսաշրջիկների այս տարվա թիվն անցած տարվա ցուցանիշին գերազանցելու միտում ունի։ Հյուրերի թվաքանակի դինամիկայի ավելացման հիմնական պատճառը տոնական օրերի շրջանակներում Երևանում անցկացվելիք մշակութային միջոցառումներն են։ Մասնավորապես իրանցիների մեծ հոսք ակնկալվում է մարտի 24-ին և 25-ին՝ ադրբեջանցի ծագմամբ երգչուհի Գուգուշի, իրանցի երգիչ Բեջի Սամիի և հայազգի երգիչ Անդինի համերգների օրերին։ «Ես եկել եմ այստեղ Գուգուշի համերգին։ Առաջին տարին չէ, որ գալիս եմ Հայաստան, բայց այս տարի մենակ չեմ եկել և  եկել եմ հատուկ համերգի համար։ Կփորձեմ մասնակցել նաև այլ համերգներին», - «Ա1+»-ի  լրագրողի հետ զրույցում ասում է Ֆուադը։ Զբոսաշրջային ներհոսքի մեծացումը պայմանավորված է նաև Իրանի տարածքում հայկական օպերատորների կողմից անցկացված աշխատանքով։ 2017 դեկտեմբերին Իրանում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել են հայկական 6 տուրօպերատորներ՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները: Այս տարի ավելացել են նաև Թեհրանից ուղիղ ավիաչվերթները. «Մենք եկել ենք Հայաստան ինքնաթիռով։ Ուզում ենք ընտանիքով ծանոթանանք ձեր երկրի հետ։ Ես մասնակցել եմ ձեր տուրիստական ընկերությունների շնորհանդեսին և շատ տպավորված եմ։ Հուսով եմ, որ սպասումներս կիրականանան», - նշել է երեկ Երևան ժամանած Զահրան։  Նա նաև տեղեկացրեց, որ եկել է Հայաստան տուրօպերատորներից մեկի միջոցով, որպեսզի իրենց հանգիստն ավելի կազմակերպված լինի, և Հայաստանի մասին տեղեկատվությունը  լինի ավելի մատչելի ու ամբողջական։ Հայաստան ժամանող իրանցիների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ տղամարդիկ, քանի որ այստեղ իրենց երկրի համեմատ քիչ արգելքներ կան։ «Ես արդեն երկրորդ տարին գալիս եմ Հայաստան, քանի որ այստեղ ավելի ազատ եմ զգում։ Ժողովուրդը շատ բարյացակամ է, երեկոյան կյանքը՝ աշխույժ», - նշում է Ֆահրադը։ Իր եղբոր հետ նա պատրաստվում է այցելել նաև Հայաստանի մի քանի տեսարժան վայր։ Հայաստանը իրանցի զբոսաշրջիկների համար միակ և վերջնական ամանորյա հանգրվանը չէ։ Թե հայկական և թե արտասահմանյան տուրօպերատորների միջնորդությամբ նրանց այցելելու են նաև Վրաստան։ «Այսօր եկել եմ Հայաստան երկու օրով, կայցելեմ Գառնի, Սևան, այլ վայրեր, ապա՝ կմեկնեմ Վրաստան», - նշում է Սաուդը։  2017 թվականի ընթացքում Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 2016թ-ի համեմատ 16 տոկոսով ավելի է։ Ակնկալվում է, որ այս տարի այդ թիվը կանցնի 250 հազարից։ Այս տարի ևս Իրան -Հայաստան սահմանային անցակետում իրանցի զբոսաշրջիկներին տրամադրվում են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները  ներկայացնող բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ: Բացի այդ՝ Նովրուզի կապակցությամբ Հայաստանում կգործի 24-ժամյա թեժ գիծ թե Առողջապահության նախարարությունում , թե Ոստիկանությունում։