Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք գլխավոր դատախազին կկանչենք հարցաքննության».Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
nikolss

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, Ազատության հրապարակում ի հիշատակ «Հաց բերողի» կազմակերպված հանրահավաքին, իբրեւ քաղաքացի, մասնակցում էր նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Կասկած չկա, որ Արթուր Սարգսյանի մահն իշխանության գործողությունների հետեւանք է: Մենք դիմել էինք, փաստորեն շատ ուշ արձագանքեցին եւ պարզվեց, որ Արթուր Սարգսյանի առողջությունն այնքան քայքայված է, որ հնարավոր չէ վերականգնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողները հետաքրքվեցին Նիկոլ Փաշինյանի`2008 թվականի «մարտի 1»-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքնելու իր դիմումով: Դատախազությունից պատասխանել էին, որ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի»  եւ չի կարող նման հարցով դիմել: «Գլխավոր դատախազը չի պատրաստվում Քոչարյանին կանչել հարցաքննության, մենք գլխավոր դատախազին կկանչենք հարցաքննության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողները հիշեցրին` Ռոբերտ Քոչարյանի խոսնակն ասել էր՝ սադրողը Նիկոլ Փաշինյանն է եղել: «Դա 2008-ի հարուցված քրեական գործով պաշտոնական վարկածն է: Այդ մասին նոր չէ, որ պիտի կարծիք հայտնեմ»,- եղավ Նիկոլ Փաշինյանի պատասխանը: Խոսելով «Ելք»-ում ընթացող քննարկումների՝ «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Լուսավոր Հայաստանի» միջեւ առկա տարաձայնությունների մասին էլ Նիկոլ Փաշինյան ասաց. «Չեմ պատրաստվում թեւերս ծալած հետեւել Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարմանը»: Լրագրողները հիշեցրին`դեռ 2014-ին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ չի պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի համար»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/16/943189/