Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրավառության նյութեր այսուհետ կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց

Հասարակություն
lena

Հրավառության նյութեր այսուհետ կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց: Այսօր՝ մարտի 16-ին, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում հրավառությունների կարգավորմանն ուղղված 2-րդ ընթերցմանը ներկայացվող նախագծերի քննարկման ժամանակ ընդունվել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի առաջարկը: Պատգամավորը հայտնել է. «Սա նշանակում է, որ հրավառության նյութեր վաճառողներին կարգելվի ֆիզիկական անձանց վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կգնեն միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառությունը կիրականացնեն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին:

Առանց թույլտվության հրավառության նյութի վաճառքը վաճառողի համար կառաջացնի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով:

Հրավառություն իրականացնելու թույլտվության վճարի չափը կորոշի ամեն համայնքի ավագանին: Միևնույն ժամանակ, թույլտվության վճարը պետք է լինի տարեկան 50.000-300.000 դրամի սահմաններում: Առանց թույլտվության հրավառություն իրականացնողը կտուգանվի առաջին դեպքի համար 300 հազարից -1 մլն ՀՀ դրամով, երկրորդ անգամ՝ 1 մլն 300 հազարից - 2 մլն դրամով»: