Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրությունը շփոթության մեջ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
adibekyan-harutyunyan

Կարեն Կարապետյանի և Արմեն Սարգսյանի գալը Հայաստան պատահականություններ լինել չեն կարող և վկայում են, որ մեր երկրի քաղաքական օրակարգն ավելի վաղ է ձևավորվել։ Այս մասին մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի երեկվա հայտարարությանը, թե մինչև 2022-ը Հայաստանում քաղաքական օրակարգը որևէ փոփոխության չի կարող ենթարկվել: «Կարեն Կարապետյանին և Արմեն Սարգսյանին հրավիրելով՝ պետք է պայմանավորվածություն լիներ, թե ինչու են նրանք գալիս և ինչ ակնկալիքներ կլինեն: Օրակարգային սկզբունքային հարցերն իրենք երևի քննարկել են: Այլ դեպքում ոչ Կարապետյանը և ոչ Սարգսյանը Հայաստան չէին գա», - նշում է մեր զրուցակիցը։ Սոցիոլոգի կարծիքով, երկրի այսօրվա քաղաքական օրակարգի իրական պատկերը ցույց են տալիս ՏԻՄ ընտրությունները, որտեղ կուսակցական է ավագանու անդամների միայն 30-35  տոկոսը, և, փաստացի, ներկայացված չէ ընդդիմությունը: Ընդդիմության քաշի անկման մասին, ըստ Ահարոն Ադիբեկյանի, խոսում է նաև ներկայիս խորհրդարանի կազմը, որտեղ ներկայացված չեն ոչ ՀՀՇ-ն կամ ՀԱԿ-ը, ոչ էլ ՕԵԿ-ը, իսկ ներկայացված ընդդիմությունը որևէ տեսակարար կշիռ չի կարող ունենալ: «Փաստացի, այսօր Հանրապետական կուսակցությունը գերհզոր ուժ է, իսկ «Ելքը» հզորություն չունի: Այն ունի  քաշ միայն հանրային կարծիքում», - նշում է նա:  Մեր զրուցակցի կարծիքով, անհնար է սպասել նաև սոցիալական լուրջ ցնցումների, մանավանդ, եթե չկան որևէ հիմքեր կամ հստակ գաղափարախոսություն. «Պետք է հանրային մի շահի վրա ազդել, որ ժողովուրդը ստիպված դուրս գա: Նման բան Հայաստանում դեռ չի երևում: Կարող է գաղափարական հենքի վրա մի 200 հոգի գան, բայց  չեմ տեսնում», -ասում է Ահարոն Ադիբեկյանը: Իր հերթին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գտնում է, որ հանրության այսօրվա պասիվությունը տրամաբանական է, թեև սոցիալական նոր ցնցումներ չի բացառում։ Պարզապես, ըստ բանախոսի՝ հանրությունը հայտնվել է շփոթության մեջ:  «Հետընթացի շրջան է, որը հաջորդել է վերջին մի քանի տարվա բուռն ոգևորության և քաղաքական պայքարի անհրաժեշտության բարձր գիտակցության փուլին: Ցույցերը դարձել են սակավամարդ կամ ընդհանրապես չեն լինում: Սակավամարդ ցույցերից մարդկանց գողանալ և բանտ տանելը իշխանությունների համար դառնում է ավելի հեշտ, որովհետև զգում են, որ դիմադրություն չկա»,- ասում է իրավապաշտպանը:  Թեև քաղաքական օրակարգի որևէ փոփոխություն մեր բանախոսները չեն տեսնում, բայց չեն էլ բացառում հանրային լուրջ ելույթներ, քանի դեռ լուծված չեն առկա սոցիալ- տնտեսական սուր խնդիրները: