Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց բերողը արժեքների հեղափոխություն արեց (տեսանյութ)

Քաղաքականություն
hac-berox-1

«Ինչո՞ւ ոչ ես» հարցադրումից հետո անցած տարի՝ հուլիսի 26-ին, Արթուր Սարգսյանը սնունդով լի իր մեքենայով ճեղքեց ոստիկանական պատնեշը և կրակոցներից մազապուծ մնալով՝ հաց հասցրեց 10 օր ՊՊԾ գնդում գտնվող Սասնա Ծռերին։ Դրանից հետո նա բոլորին հայտնի դարձավ «Հաց բերող» անունով։   Մեկ տարի առաջ այս օրը մահացավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշում է, որ նա արժեքների հեղափոխություն արեց և բոլորիս համար դարձավ խորհրդանիշ. «Իմ համար, ճիշտն ասած, մեծ ողբերգություն էր այն, որ երբ նա ողջ էր, շատ եր պակասում մարդասիրական վերաբերմունքը նրա նկատմամբ»։ Հուլիսի 31-ին  «Հաց բերողը» Սասնա Ծռերի հետ հանձնվեց և կալանավորվեց։ Առողջական խնդիրների պատճառով նրա խափանման միջոցը փոխվեց դեկտեմբերին  և ազատ արձակվեց։ Փետրվարին Հաց բերողը կրկին կալանավորվեց։ Իրավապաշտպանները հայտարարեցին, որ նա ունի պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն։ Նա հացադուլ հայտարարեց, որը շարունակվեց 25 օր։ 27 պատգամավոր հանդես եկան հայտարարությամբ և  մարտի 6-ին նրան ազատ արձակեցին, սակայն առողջական դրությունը արդեն իսկ ծայրահեղ էր։  Արթուր Սարգսյանը տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ 10 օր անց՝ մարտի 16-ին մահացավ։  «Իմ կարծիքով նման կերպարները ավելի վտանգավոր են իշխանության համար, քան «Սասնա Ծռերը»։ Կարծում եմ, եթե այդպիսի դեպք լիներ որևէ քաղաքակիրթ երկրում, ապա նրա մահը մեծ ընդվզում կառաջացներ։ Հայաստանում ցավոք սրտի չեղավ դա»,- ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Լրագրող, իրավաբան Զարուհի Մեջլումյանը նշում է, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ իշխանությունների կողմից վրեժխնդրություն է եղել, և ոչ երբեք արդարադատություն. «Դատաբժշկական փորձաքննությունը տառացիորեն մի քանի օրում էր տրվել։ Այդպիսի շտապողականություն, որ մի քանի օրում դատաբժշկական փորձաքննություն տրվի՝ ես չեմ հիշում։ Արդյունքում, պարզվում է, որ Արթուր Սարգսյանը կարող է պատիժը կրել բանտային պայմաններում։ Սա նորից եմ կրկնում անձնական վրեժխնդրության դաշտում է և որևէ առնչություն չունի արդարադատության հետ»,- ասում է Զարուհի Մեջլումյանը։