Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրավաբանությունը լքել է Ժիրայր Սեֆիլյանի գործը» (տեսանյութ)

Հասարակություն
jirayr-sefilyan

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը  նրա պաշտպանը համարում է անհասկանալի է եւ ողջամիտ տրամաբանությանը հակասող: «Ցավալին այն է, որ ամբողջ դատախազական համակարգում չի գտնվել մեկը, որը կգնահատեր այդքան հետեւությունը  եւ կվերացներ մեղադրանքը: Սա երկու բան կարող է նշանակել: Կամ դատախազության մեջ չկան անհեթեթությունը նկատող մարդիկ , կամ էլ դատախազությունում կան մասնագետներ եւ նրանք որեւէ աշխատանք չեն կատարում, այլ միայն աշխատելու պատրանք են ստեղծում»,- ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը:     Մոտ 2 տարի կալանավայրում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն պահելու, փոխադրելու,  շենք շինություններ զավթելու նախապատրաստության համար:  «Իրավաբանությունը 2015 թ մարտ ամսից  սկսած լքել է այս գործը եւ անվերադարձ հեռացել»:   Ըստ պաշտպանի՝ մեղադրական եզրակացության մեջ հստակ պետք է նշվել՝ թե երբ է նախատեսված եղել շինությունների զավթումը եւ ինչու այն  չի իրականացվել Սեֆիլյանի կողմից: «Ենթադրենք, որ Սեֆիլյանը պետք է գրավեր Նուբարաշենի զորամասը մայիսի 30-ին եւ մինչեւ մայիսի 29-ը միջոցներ է ձեռնարկել շինությունները զավթելու ուղղությամբ: Սակայն մայիսի 29-ին փոխել է իր մտադրությունը եւ հրաժարվել է շինությունները զավթելու իր գործողությունից: Այս դեպքում եւս Սեֆիլյանի արարքում քրեորեն պատժելի արարք չկա»,- ավելացրեց Տիգրան Հայրապետյանը:  Պաշտպանական ճառում փաստաբանը   հայտարարեց,  որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատավարական կարգը խախտելով ՝ չի պարզաբանել  մեղադրանքի  հիմքերը։  «Ոչ մի նորմով նախատեսված չէ, որ դատավորը կարող է իր պարտականությունները չկատարել եւ խախտել անձի պաշտպանության իրավունքը: Գողական օրենքներում, որոնք վերջին ժամանակներում ողջունվում են մեր հասարակության կողմից եւ լայնորեն տարածում գտնվում ամենաբարձր ատյաններում՝ ընդհուպ մինչեւ ԱԺ-ում, նման դրույթներ չեն պարունակում, որ անձին մեղադրեն եւ չպարզաբանեն, թե ինչ արարքից նա պետք է պաշտպանվի»,- հավելեց Տիգրան Հայրապետյանը: Պաշտպանը հիշեցրեց՝   դատարանում հետազոտված ապացույցները հիմնավորեցին Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը, ուստի առաջադրված  բոլոր հոդվածներով պետք է ապացուցել Արցախյան պատերազմի հերոսի անմեղությունը: