Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ համագործակցությունը. Նալբանդյան

Պաշտոնական
nalbandyan

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովին Միավորված ազգերի կազմակերպության մեծարգո Գլխավոր քարտուղար, Իտալիայի մեծարգո վարչապետ, Լիբանանի մեծարգո վարչապետ, Տիկնայք և պարոնայք, Լիբանանը Մերձավոր Արևելքի բազմամշակութային, բազմազգ և բազմակրոն կառուցվածքի մարմնավորումն է` մեկ պետության սահմանների ներքո արտացոլելով գրեթե ողջ տարածաշրջանը: Դա մարտահրավեր է, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում կարող է արձագանք գտնել այս երկրում, միևնույն ժամանակ դա հնարավորություն է, որն ընձեռնում են բազմազանության առավելությունները: Այդ նույն պատճառներից ելնելով իրավիճակը Լիբանանում կարող է թե՛ բորբոքել տարածաշրջանային վերքերը, և թե՛ ներկայիս փոթորկահույզ ժամանակներում հանդես գալ, որպես խաղաղության կղզի և այլ երկրների համար համակեցության օրինակ հանդիսանալ: Այս ամենը մեծացնում է Լիբանանի նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից, և վերահաստատում միջազգային ներգրավվածության հրամայականը՝ աջակցելու այդ երկրին մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ այս առումով ներկա համաժողովը կկարողանա իր ուրույն նպաստը բերել, և դրան կհետևեն նաև համապատասխան գործնական քայլեր: Հայաստանի համար Լիբանանի կարևորությունը պայմանավորված չէ միայն այս երկրի տարածաշրջանային նշանակությամբ: Դարեր շարունակ հայ ժողովուրդը Մերձավոր Արևելքի և լիբանանյան խճանկարի ինքնատիպ մաս է կազմել: Այսօր այս երկիրը հյուրընկալում է տարածաշրջանի ամենամեծ հայկական համայնքը, որը մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկն է հանդիսանում: Ավանդաբար հայերն ակտիվորեն ներգրավված են Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ: Այսօր նրանք ներկայացված են և՛ կառավարությունում, և՛ խորհրդարանում: Հայերը կիսել են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը, և պատրաստակամ են այսուհետ ևս իրենց ներդրումը բերել պետության ապահով ու անվտանգ ապագային: Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Լիբանանի ժողովրդի կողքին: Հայաստանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին: Այն ևս մեկ անգամ վերահաստատվել է փետրվարին Լիբանանի նախագահի՝ Երևան կատարած պաշտնական այցի, ինչպես նաև երեք օր առաջ ՀՀ վարչապետի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Տիկնայք և պարոնայք, 2014թ. նոյեմբերից 32 խաղաղապահներից բաղկացած հայկական դասակը՝ իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) կազմում: Հայաստանը պատասխանատվության բարձր զգացումով է ներգրավվել այս առաքելությանը՝ ձգտելով իր նպաստը բերել ՅՈՒՆԻՖԻԼ-ի արդյունավետ գործունեությանը` ուղղված բարեկամ Լիբանանում խաղաղության ապահովմանը: ՅՈւՆԻՖԻԼ-ը միակ խաղաղապահ գործողությունը չէ, որին միացել է Հայաստանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով օգնականն այս առումով նշել է, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Իրապես, պատմությունը մեզ սովորեցնում է, որ անվտանգությունը համատեղ ջանքեր է պահանջում: Տիկնայք և պարոնայք, Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաև նոր գաղափարների հիման վրա: Տարածաշրջանում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ։ Այդ երկրի ազգային-կրոնական բազմերանգությունը և պատմամշակութային ժառանգությունը առանձնակի արժեք են ներկայացնում։ Համամարդկային արժեքները հատուկ պաշտպանություն կարիք ունեն: