Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանափոխություն՝ միայն խաղաղ ընդվզմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
makeyan

Ապրիլի 10-ից 17-ը «Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստվում է նոր հանրահավաքներ կազմակերպել և ավելի շատ մարդ դուրս հանել փողոց: Ինչպես նշում է  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը, անկախ որոշ ուժերի սպասումների՝ իրենց բոլոր ցույցերն ու գործողությունները ընթանալու են առանց բռնության որևէ  կոչերի: «Իշխանությունները մտահոգված են պայքարի վերսկսմամբ, նշելով, թե նոր շարժում է սկսվել, բայց հին դեմքերով, որոնք այդքան բանտարկվելուց հետո կրկին պայքարում են իրենց դեմ: Հրապարակումների և հայտարարությունների մեջ հնչում է, թե մենք պատրաստվում ենք «կուլակաթափության»: Մեզ նաև մեղադրում են, թե «Սասնա Ծռերի» աջակիցն ենք: Եվ եթե իշխանություններն իրական վտանգ զգան, կարող են նոր արգելքներ դնել և հայտարարել, թե մենք գնում ենք ապօրինի գործողությունների, նույնիսկ Սարի-թաղի կամ այլ դեպքերի նման գործեր սարքեն մեզ դեմ»-, ասում է նա: «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Սուսաննա Մուրադյանը շեշտում է, որ այսօրվա հանրահավաքը, ինչպես նաև՝ հետագա բոլոր գործողությունները լինելու են միմիայն խաղաղ: «Պետք է ոչ թե համակարգչի դեմ պայքարել, լայքելով այս կամ այն հայտարարությունը կամ ելույթը, այլ պետք է դուրս գալ հրապարակ, ընդվզել:  Իշխանափոխությունը կլինի միայն  ժողովրդի ճնշման տակ»,- ասում է բանախոսը: ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը նշում է, որ ակնկալվում է նաև միավորում՝ ընդդիմադիր այլ ուժերի հետ: Նրա խոսքով՝ եթե հասարակությունը զգա, որ ըննդիմությունը միավորվում է, կմիանա իրենց: Այս պահին, ըստ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամների, բանակցություններն են տարվում «Ելքի» և «Երկիր ծիրանի» կուսակցությունների հետ և մոտակա ժամանակ նրանց հստակ դիրքորոշումն է ակնկալվում: