Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը պատասխանել է ամերիկացի գիտնականների հարցերին

Պաշտոնական
bako

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն, հանդիպում ունեցել ամերիկացի մի խումբ գիտնականների ու փորձագետների հետ եւ հանդես եկել ելույթով: Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին: Նախագահը կարեւոր եւ օգտակար է համարել նման հանդիպումներն ու քննարկումները, նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալու իրավիճակին եւ չեզոքացնելու դրան խոչընդոտող կարծրատիպերը: «Ուզում եմ ընդգծել, որ մենք շահագրգռված ենք կայուն կապ հաստատելու առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, մշտապես խորացնելու եւ ընդլայնելու այն, ինչը դիտարկում ենք որպես միջազգային միտումներն ավելի լավ ըմբռնելու եւ հասկանալու, ինչպես նաեւ մեր երկրում գիտավերլուծական միտքը զարգացնելու կարեւոր ուղղություններից»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը: Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին: ........................ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ: Քննարկվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ներկաներին, ընդգծելով, որ Արցախում մշտապես զգում են Ամերիկայի հայկական համայնքի ներգրավածությունը մեր երկրի կյանքում, որի անմիջական մասնակցությամբ մեր հանրապետությունում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Բակո Սահակյանը նաեւ արժեւորել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների դերակատարությունը Արցախի միջազգային ճանաչման եւ մեր երկիրն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում: Երկրի ղեկավարը պարգեւատրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ