Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանին» նշեց հիմնադրման մեկամյակը (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi-postanjyan

2018 թվականի մարտի 15-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նշեց հիմնադրման մեկամյա տարեդարձը: Կուսակցության անդամների հետ ներկա էին՝ մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, արվեստագետներ, ազատամարտիկներ, հանրային գործիչներ, մեր երկրում գործող դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, կուսակցության համակիրներ և այլք: Տոնական միջոցառմանը ուղերձով հանդես եկավ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ հիշեցնելով, որ խորհրդանշական է հենց մարտի 15-ի ընտրությունը որպես  կուսակցության հիմնադրման օր, քանի որ այդ օրը Սողոմոն Թեհլերյանը կատարեց իր գործողությունը, կատարեց բոլորիս անունից, մեր պապերի անունից, և այդ օրը նրա հետ էին մեր ազգի բոլոր ազատատենչ ու արդար պահանջ ունեցող հատվածները: Այսօր նույնպես մենք ազատության և արդարության պահանջն ենք մեր առջև դրել, որը ենթադրում է պայքար ոչ միայն արտաքին թշնամու, այլ նաև ներքին թշնամու դեմ, որն այսօրվա ներկայիս բռնակալությունն է՝ ի դեմս իր բոլոր գործիքների: Եվ եթե մենք այս բռնակալությունը չհաղթահարենք, ապա չենք կարող ունենալ ազատություններ և հասնել մեր բաղձալի արդարությանը: Կուսակցության նախագահն ընդգծեց, որ եթե մենք մեր երկրում՝ այս պահին 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով պետականության ներքո չկարողանանք հաստատել արդարություն, ապա չենք կարող հետապնդել մեր պահանջների իրականացումն աշխարհում, հետևաբար՝ առաջին հերթին մեր երկրում պետք է հասնենք ազատության և արդարության: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ երկար ժամանակ չկարողանալով կազմակերպվել որպես քաղաքական ազգ, մենք բաց թողեցինք բազմաթիվ հնարավորություններ, որոնցից ամենակարևորը՝ մեր պատմական Հայրենիքում ազգահավաքի կազմակերպումն էր, ինչը տեղի չունեցավ այս քառորդ դարի ընթացքում: Ունենք անկախ պետականություն, սակայն մեր հայրենակիցները գաղթում են մեր երկրից, ինչը կշարունակվի, եթե մենք չփոխենք իրավիճակը, ինչի համար պահանջվում են քաղաքական լուծումներ, որոնք ներառում են այս բռնակալական համակարգի ապամոնտաժումը: Դա հնարավոր է, որովհետև երբ 30 տարի առաջ գաղափարի շուրջ համախմբվեցինք՝ տապալեցինք ավելի կուռ բռնակալական համակարգ՝ Խորհրդային Միությունը, կարող ենք տապալել նաև այս բռնակալական համակարգը, եթե լինեն միասնական գործողություններ գաղափարի շուրջ և ողջ ազգի բոլոր հատվածների կողմից: Կուսակցությունը հռչակել է «Ընդվզում» կարգախոսը, և Շարժումը մենք պատկերացնում ենք այդ կերպ, և եթե յուրաքանչյուրս մեր տեղում ընդվզենք, ապա այս բռնակալական համակարգը չունի այն համապատասխան ռեսուրսները, որ կարողանա դիմակայել: Եվ հենց դա է մեր այսօրվա քաղաքական գլխավոր ուղերձը: Մենք մեկ տարի աշխատել և գործել ենք ձեր առջև, նշեց Զարուհի Փոստանջյանը, և այն, ինչ մենք խոստացել և ստանձնել ենք՝ այդ ճանապարհով ենք գնում ու չենք շեղվելու՝ սա մեր ազգային ծրագիրն է: Որպես պետություն՝ մենք երկար ժամանակ ազգային ծրագիր չենք ընդունել, ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ ընդունել ենք ինչ-որ մի ծրագիր, որը կենսունակ չէր: Մեր անունից այսօր հայ ազգի անուն-ազգանուն կրողները բանակցություններ են վարում, ինչն անթույլատրելի է, քանի որ Արցախի հարցը դեռ 88 թվականին ենք մենք լուծել, իսկ այսօր այդ հարցը պետք է ստանա ուղղակի իրավական ձևակերպում՝ մենք պետք է ճանաչենք մեր իրավունքները: Եվ ապագային միտված մեր բոլոր իրավունքները՝ Հայկական բարձրավանդակի նկատմամբ, նույնպես պետք է ստանան իրավական ձևակերպում: Մենք այս իրավական ձևակերպումները չենք տվել այս 25 տարիների ընթացքում: Կուսակցության նախագահն ասաց, որ մենք նաև այս 25 տարիներին չստեղծեցինք մրցունակ քաղաքական կառուցվածք: Խորհրդային Միության փլատակների վրա ինչ-որ մի կառուցվածք ստեղծվեց, որը բռնակալական հետամնաց համակարգ է, որը մարդկանց դուրս է մղում Հայրենիքից: Այժմ նոր քաղաքական համակարգ պետք է հիմնադրենք, և կարող ենք դա արագ ունենալ՝ հատկապես թվային աշխարհում, հատկապես, երբ մեր ազգի կարողությունները գնահատվում են միլիարդավոր դոլարներով: Քաղաքական համակարգ հիմնադրելու այդ հնարավորությունները մենք ունենք, և դրա համար է նաև «Երկիր Ծիրանի» կուսակցությունը երթի դուրս եկել: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ կուսակցության անվանումը մենք ընտրեցինք «Երկիր Ծիրանի», որովհետև այն մեր երկրի հինավուրց անվանումն է, և մենք ասում ենք՝ որտեղից ենք մենք գալիս և ուր պետք է գնանք: Մենք մտածում ենք շատ լայն՝ ոչ թե միայն 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և 2 միլիոն բնակչությամբ պետականության մասին, որոնցից մեկ միլիոնը աղքատության մեջ է, իսկ պետությունն ունի միլիարդավոր դոլարների պարտքեր, ինչն այս բռնակալական համակարգի հետևանքն է: Եվ որքան շուտ հիմնադրենք մեր քաղաքական համակարգը, այնքան շուտ կդառնանք հզոր գործոն և լուրջ պետականություն տարածաշրջանում: Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ կուսակցության պատկերանշանն ու հիմնական կարգախոսը ևս՝ «Դեպի Արարատ», պատահական չեն ընտրվել ու գործածվում՝ այս ամենն իրար հետ փոխկապակցված գաղափարախոսություն է, որի ներքո մենք ցանկանում ենք ունենալ ժողովրդավար պետություն, որտեղ քաղաքական համակարգը ներառող է, այլ ոչ թե՝ բացառող: Այսօր ունենք բացառող քաղաքական համակարգ, որովհետև այն ճանաչում է միայն մեկ քաղաքական կուսակցություն, որը, ըստ էության, կրկնում է կոմունիստական կուսակցությունը: Սա է այն քաղաքական համակարգը, որի մեջ մենք ապրում ենք և հանդուրժում: Ես կարծում եմ, որ ապագա մի քանի ամիսների ընթացքում մենք պետք է բեկում մտցնենք բոլորս միասին: Մենք դա կարող ենք, մենք շատ ենք, և մեր հնարավորությունները մեծ են, ուղղակի մեզ խանգարում է քաղաքական ազգ չլինելու բացը, և այդտեղ մենք թերացել ենք: Կուսակցութայն նախագահը վերջում շնորհավորեց բոլորին և մաղթեց երթ դեպի հաղթանակ, դեպի ժողովրդավար համակարգի հիմնադրում: Զարուհի Փոստանջյանը նաև պատասխանեց լրագրողների հարցերին, ինչին հաջորդեց «Երկիր Ծիրանի» կուսակցության մեկամյա տարեդարձի միջոցառման տոնական մասը: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն