Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկադիր կատարողի անփութությունը մեծ վնաս է պատճառել կազմակերպությանը

Պաշտոնական
hqts

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնը, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառվել ինչպես կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին: Այսպես, քննությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 03.08.2015թ.-ին կատարողական վարույթ է հարուցել, որով օրենսդրությամբ սահմանված կարգով «Գեղամ Տրանս» ՍՊԸ-ին պետք է պարտավորեցներ քանդել «Շուգատուր» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում կառուցված ինքնակամ շինությունները: Սահմանված ժամկետում դատական ակտի պահանջը չկատարելու դեպքում Ա. Հակոբյանը կատարողական թերթի կատարումը պետք է կազմակերպեր անձամբ՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված ծախսերը, սակայն ԴԱՀԿ ծառայության հիշյալ պաշտոնատար անձը տևական ժամանակ չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, այն է՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող որոշում չի կայացրել, «Գեղամ Տրանս» ՍՊԸ-ի համար որոշման պահանջի կատարման ժամկետ չի սահմանել և միջոցներ չի ձեռնարկել որոշման կատարումն ապահովելու, իսկ հակառակ դեպքում` դատական ակտը դիտավորությամբ չկատարած անձին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:  Կատարողական վարույթը հարուցելուց շուրջ 2 տարի հետո միայն` 25.07.2017թ.-ին, դատական ակտը դիտավորությամբ չկատարած «Գեղամ Տրանս» ՍՊԸ-ի տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար ԴԱՀԿ ծառայությունից գրություն է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն հարկադիր կատարող Ա. Հակոբյանի անգործության հետևանքով վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով հնարավոր չի եղել վերը նշված ընկերության տնօրենին ենթարկել քրեական պատասխանատվության:  Ա. Հակոբյանի կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հետևանքով էական վնաս է պատճառվել «Շուգատուր» ՍՊԸ-ի իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին. վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական բաժինը զրկվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և կատարողական թերթի պահանջները դիտավորությամբ չկատարած կազմակերպության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից: Ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է : Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: