Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հյուսիս-հարավի համար ուջանցու այգին քանդեցին» (տեսանյութ)

Հասարակություն
Harutyun-Adamyan

Ամբողջ կյանքն իր հողակտորին նվիրած Արգածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ Հարություն Ադամյանն այժմ պատրաստ է կյանքի գնով պաշտպանել նույն այդ հողակտորը: 3200 քառակուսի մետր խաղողի այգին նրա եկամտի միակ աղբյուրն է։ «Եթե պետք է՝ սպանություն կլինի այստեղ: Ես մինչև վերջ գնալու եմ իմ երեխայի սեփականությունը պաշտպանելու համար: Ես այգի եմ հիմնել դրել, էլ էդ այգուց էն կողմ ուրիշը չեմ կարող հիմնել դնել»: Շուրջ 3 տարի, անցնելով Հայաստանի դատական ողջ ատյաններով, նա պայքարում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի դեմ։ Նրա այգին օտարվել է, և գնահատվել մոտավորապես 13 միլիոն 500 հազար դրամ, մինչդեռ, Հարություն Ադամյանը պնդում է, որ իր տնտեսությունն արժի 250 միլիոն դրամ։ «Անցյալ տարվանից գնում-գալիս են, ես պաշտպանում եմ իմ այգին: Ես իրենց հետ երբեք չեմ համաձայնվի, թեկուզ անցնի մի քանի տարի: Ես մեկ քառորդն էլ չեմ ուզել, չնչին գումար եմ ուզել, ուզում։ Մեկ է՝  իմ համաձայնությունը պետք է լինի, որ այս ճանապարհը հանձնվի»: Հարություն Ադամյանը փաստում է, որ դատավարության ընթացքում բազմաթիվ կեղծիքներ են եղել։ Ասում է՝ բոլոր փաստաբաններին զգուշացված է նման գործերին ընթացք չտալ։ «Ուր գնում եմ, ձգձգում են: Հետո իմացա, որ բոլոր փաստաբաններին զգուշացված է, որ հյուսիս-հարավ մայրուղու ոչ մի գործ չհասնի Եվրադատարան»։ Այս օրերին Հարություն Ադամյանն ամեն օր սպասում է, որ կգան ու կփորձեն քանդել այգին։ Նա անգամ պատրաստ է ընտանիքի հետ պայքարել քանդող մեքենաների դեմ։Եվ արդեն պարզ դարձավ, որ այգին արդեն քանդում են։