Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը ընդունում է, որ ուժերի դասավորությունն իր օգտին չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Adrbejan

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) զեկույցը հարավային կովկասի մասով մշտապես թերի է եղել, այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը.  «2017- ի ապրիլին հայկական կողմը հայտարարել էր, որ «Իգլա-Ս» տեսակի ԶՀՀ- ներ է ստացել, սակայն դա հրապարակված զեկույցում բացակայում է, ես խիստ կասկածում եմ, որ զեկույցը հրապարակած մասնագետները հայերենին և ադրբեջաներենին տիրապետում են և որ այս տարածաշրջանը նրանց ուշադրության կենտրոնում է»: Ադրբեջանագետի կարծիքով երկու բանակները միայն ռազմական բյուջեով համեմատելը ճիշտ չէ.  «Միլիոններով համեմատել չի կարելի, քանի որ տարբեր գներով ենք զենք ձեռք բերում, օրինակ, մենք Ռուսաստանի հետ այս կամ այն զենքի ձեռք բերման հետ կապված հատուկ պայմանավորվածություն ունենք, իսկ Ադրբեջանը չունի, ուժերի դասավորությունն ամենևին էլ այնպես չէ, ինչպես կարող էր թվալ զեկույցից»: Տարոն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հարևան երկրի վերջին զորավարժություններին.  «Այս զորավարժության սցենարը շատ հետաքրքիր է, ի տաբերություն նախորդների, այն այս անգամ հակահարձակողական է, ըստ սցենարի՝ հայկական կողմը գրավել է ադրբեջանական կողմի պաշտպանական տարածքներ, իրենք փորձում են հետ գրավել: Սրանով, կարծում եմ, իրենք ընդունում են, որ ուժերի դասավորությունն ամենևին էլ իրենց ուզածով չէ»: Razm.info ռազմական նորությունների կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը նշում է, որ Ադրբեջանում սպառազինության ձեռք բերմանն ուղված գումարները նվազել են.  «Նկատվում է, որ նավթի գների տատանումների հետ Ադրբեջանում փոփոխվում է նաև ռազմական բյուջեն, ներկայիս ցուցանիշը շատ է զիջում, ասենք, 2013-14 թվականների տվյալներին»: Կարեն Վրթանեսյանը Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի ֆոնին ռազմական գործողությունների հեռանկարը չի բացառում.  «Չեմ բացառում, որ ինչ- որ գործողություններ կլինեն, բայց լայնամասշտաբ գործողություն չի լինի, իհարկե, ինչ էլ լինի, իրականում, ընտրությունների արդյունքների վրա չի ազդի»: