Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատազրկումը պետք է լինի որպես բացառիկ միջոց. ՄԻՊ (տեսանյութ)

Քաղաքականություն
arman-tatoyan

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը մեր երկրում արդյունավետ չի գործում. «Դրանք ժամանակի ընթացքում անընդհատ ենթարկվել են փոփոխությունների,  բարեփոխումների, բայց  միեւնույնն է դա չի աշխատում: Հանձնաժողովներում ունենք ընկալումների, ձեւավորումների փոփոխության ակնհայտ խնդիր: Մենք ունենք կարծրատիպեր, եթե անձը դատապարտված է, ապա վաղաժամկետ չի կարող ազատ արձակվել»,- այսօր լրագրողներին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:    Նրա խոսքերով՝ երբ դատապարտյալը  հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, առաջին օրվանից սկսած աշխատանքներ պետք է տարվեն նրան ազատ արձակելու նախապատրաստման համար. «Անթույլատրելի է, երբ պետությունը աշխատանքներ չի տանում նրան ազատ արձակելու համար եւ վաղաժամկետ ազատ արձակման հարցը լուծելիս հայտարարում, որ նա պատրաստ չէ ազատ արձակման»: ՄԻՊ-ը մշակել է փաթեթ, որով առաջարկում է ընտանիքի հետ կապի առումով բարեփոխել գրեթե ողջ օրենսդրական համակարգը. «Առաջարկում ենք մի մոտեցում, որ նախաքննության փաստը չի կարող որպես այդպիսին հիմք դառնալ, ընտանիքի հետ կապը կալանավորի դեպքում սահմանափակելու համար»:     Արման Թաթոյանի խոսքով՝ մենք  պետք է ունենանք այնպիսի ճկուն համակարգ, որ ազատազրկումը լինի որպես բացառիկ միջոց,  եւ  ազատազրկումը չի կարող  դառնալ գլխավոր միջոց:     Անդրադառնալով Երեւանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկին, Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ դա ընդունելի չէ իր համար. «Այդ ժամանակ զգացինք միտում՝  լրագրողին մի տեսակ օտարացնելու պետական համակարգից:  Սա վտանգավոր ընկալում է եւ չպետք է թողենք, որ ձեւավորվի»:  Ինչ վերաբերում է կառավարության նիստերին, ապա դա բոլորովին այլ խնդիր է: Ոչ միայն լրագրողները չեն  հետեւի նիստին, այլ նաեւ Երեւանի քաղաքապետը, Մարդու իրավունքների պաշտպանը, Գլխավոր դատախազը: Խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում բոլոր անկախ մարմինները չեն մասնակցում: Մարդու իրավունքների պաշտպանը միաժամանակ նշում է՝ իրենց  լիազորությունները  կառավարության գործունեության  վերահսկողության առումով  ավելի են  ընդլայնվել: