Ֆուտբոլային 10 ակումբների շնորհվեցին արտոնագրեր

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննության էին դրվել Հայաստանի բարձրագույն խմբի 2017/2018թթ առաջնության մասնակից 6 ակումբների («Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց», «Արարատ») եւ չորս նորեկ ակումբների («Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա») արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու բարձրագույն խմբի 2018/2019 թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2018 թվականի օգոստոսին:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու բոլոր 10 ակումբներին: Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրային գործընթացին եւ կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: Այդ գործընթացին մասնակցում են միայն Հայաստանի բարձրագույն խմբի 2017/2018թթ առաջնության մասնակից ակումբները: