Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասեցնել տուբերկուլոզի տարածումը

Պաշտոնական
art-image-1133

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն։ Նախարարը նախ շրջայց է կատարել, ծանոթացել վերջին մեկ տարում կատարված փոփոխություններին, բաժանմունքներում առկա հնարավորություններին ու կարիքներին, հիվանդների բուժման ընթացքին։ Այնուհետև բուժաշխատողների հետ քննարկվել են կենտրոնում իրականացվող ծրագրերի արդյունքները, առաջիկա անելիքներն ու առկա խնդիրների հաղթահարման ուղիները։ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը 2014թ. ձևավորվել է ՀՀ ԱՆ Հակատուբերկուլոզային հանրապետական դիսպանսերի և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի միավորման արդյունքում, հետևաբար, իրականացնում է երկու կազմակերպության գործառույթները` տուբերկուլոզով հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում ու Տուբերկուլոզի կառավարման ազգային ծրագրի համակարգում և դրանից բխող միջոցառումներ։ Հիմնական նպատակներն են տուբերկուլոզի տեղական դեպքերի վերացումը, դեղազգայուն և դեղակայուն տուբերկուլոզի կանխարգելումը, ախտորոշման, բուժման և վերահսկման արդյունավետության բարձրացումը։ Դրանց հասնելու ճանապարհները տարբեր են` սկսած հակատուբերկուլոզային ծառայությունների գործունեության արդյունավետության բարձրացումից, համաճարակաբանական հսկողության գործող համակարգի զարգացումից մինչև տուբերկուլոզի ազգային ռեֆերենս լաբորատորիայում որակի կառավարման համակարգի ներդրում, առողջության պահպանման առաջնային օղակի բուժանձնակազմի կրթում տուբերկուլոզի կանխարգելման և բուժման գծով։ Կարևորվում է նաև միջազգային համագործակցության արդյունքում ժամանակակից ախտորոշիչ միջոցների, դեղերի, բուժման և կանխարգելման նորագույն մոտեցումների կիրառումը։ Կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը տեղեկացրել է, որ 7 բաժամունքում տարեկան բուժվում է ավելի քան 1800 հիվանդ։ Վերջին տասը տարում կրկնակի անգամ նվազել են հիվանդացության և եռակի անգամ` մահացության ցուցանիշները։ Բուժման որակի բարձրացման նպատակով վերջին մեկ տարում այստեղ միջազգային փորձագետների աջակցությամբ կազմակերպվել են բժիշկների կրթական ծրագրեր, իրականացվել բուժքույրերի թեստավորումներ, ներդրվել են ևս 5 կլինիկական ուղեցույցներ ու գործելակարգեր։ Լևոն Ալթունյանին առավելապես հետաքրքրել են առկա խնդիրները։ Այսօր դիսպանսեր հսկողություն է իրականացվում մոտ 1000 հիվանդի նկատմամբ։ Լուրջ մտահոգության տեղիք են տալիս աշխատանքային միգրանտների շրջանում դեղակայուն և բարդացած տուբերկուլոզի դեպքերը։ Նման հիվանդների կողմից անհրաժեշտ բուժումը չընդհատելուն ուղղված աշխատանքները ոչ միշտ են արդյունավետ լինում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տուբերկուլոզի հաղթահարման ուղղությամբ հնարավոր քայլերն ու միջոցառումները։ Նախարարը հանձնարարել է կատարել առկա ֆինանսական միջոցների ծախսման վերլուծություն և հանդես գալ ծախսարդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ առաջարկություններով։ «Արդյունքում պետք է առկա ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարել այնպես, որ ապահովվի թե՛ հիվանդի արդյունավետ բուժումը, թե՛ բարձրացվի բուժաշխատողների աշխատավարձերը»,-ասել է նախարարը։ Որոշվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել վերահաշվարկները կատարելուց և առաջարկները մշակելուց հետո։ «Մենք համատեղ խորը վերլուծություն կկատարենք, որպեսզի ունեցած գումարներով և ներուժով կարողանանք առաջիկա երեք տարվա ընթացում կասեցնել տուբերկուլոզի տարածումը Հայաստանում»,-ամփոփել է Լևոն Ալթունյանը։ ՀՀ ԱՆ