Մաքրում են գետերի և ջրանցքների հուները

Մարտի 1-ից մեկնարկել են մայրաքաղաքի տարածքով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը:

Մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում գործընթացը կծավալվի Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Հիմնական նպատակը գարնանային տեղումների ընթացքում ջրի անարգել հոսքն ապահովելն է: Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է աղբավայրեր:

 Երևանի քաղաքապետարանի կողմից ամենամյա, առանձին դեպքերում տարին մի քանի անգամ իրականացվող գետերի և ջրանցքների հուների մաքրման աշխատանքները նաև սանիտարահիգիենիկ նշանակություն ունեն, քանի որ այս կերպ ամռան ամիսներին հարակից թաղամասերում կկանխվի հնարավոր տհաճ հոտի առաջացումը:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գետերի հուներ տարատեսակ թափոններ լցնելը կամ հարակից ափամերձ տարածքներում շինարարական ու կենցաղային աղբ թափելը կտրականապես արգելվում է, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Ի դեպ, գետերի հուներին հարակից բնակելի թաղամասերի ողջ երկայնքով տեղադրված են աղբամաններ:

Երևանի քաղաքապետարան