Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում են ոչ նյութական վնասի փոխհատուցում (տեսանյութ)

Քաղաքականություն
avetisyanner

ՍԴ-ն այսօր գրավոր ընթացակարգով սկսել է Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության գործով դիմումի քննությունը:  Վիճարկվում է  քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերի սահմանադրականության հարցը, որոնցով պայմանավորված այս գործով  տուժողների իրավահաջորդները զրկվել են ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունից։  «Եթե դիմումը բավարարվի եւ հաստատվի, որ անձը իրավունք ունի քրեական դատավարության շրջանակներում ներկայացնելու ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ:  Կօգնի նմանատիպ այլ գործերին, իրավական զարգացում տեղի կունենա եւ անձինք քրեական դատավարության շրջանակներում հնարավարություն կունենան ներկայացնելու նմանատիպ պահանջներ, քանի որ մինչ այս պահը դատարանները փաստարկում են, որ անձը կարող է ներկայացնել գույքային վնասի պահանջ եւ ոչ նյութական վնասի պահանջ չի կարող ներկայացնել»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչը  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի ընթացքում քաղաքացիական հայց էր ներկայացրել,  դատավորն այն  ընդունել էր վարույթ, սակայն հետո՝   վերադարձրել։ «Դա ամենակոպտագույն խախտումն էր, որ գոյություն ուներ»:   Դատարանները պարզաբանում են, որ այդ պահանջը  պետք է ներկայացվի առանձին քաղաքացիական գործի շրջանակներում,  ինչն, ըստ փաստաբանի՝  արդար դատաքննության իրավունքի մասով խնդիր է առաջացնում. «Ստացվում է,  որ քրեական դատավարության գործի շրջանակներում այդ գործը պետք է ավարտվի, ինքը նոր վարույթ պետք է հարուցի քաղաքացիական հայցով, որով պետք է ներկայացվի այդ պահանջը:  Ստացվում է, որ տրոհում է տեղի ունենում եւ ինչ- որ մի պահանջ  ստացվում է, որ այլ դատավարական շրջանակներում քննութան առարկա դառնա, ինչը կարծում եմ, այդքան էլ ողջամիտ չէ»: Քննության քաղաքական  գործոնը փաստաբանը չի բացառում: «Չեմ բացառում քաղաքական աստառը, բայց չպետք է դրանից ինչ- որ ձեւով կաշկանդվենք, մտածենք, գիտեք ինչ,  քանի որ Ռուսաստանի դեմ պահանջ է՝ ՀՀ դատական համակարգը չի ցանկանա քննել, ուստի մենք չպետք է քայլեր ձեռնարկենք»: ՍԴ-ն  հեռացել էր խորհրդակցական սենյակ  այսօր որոշում կայացնելու համար: Սակայն  որոշվել է, որ լրացուցիչ ժամանակ է պետք նյութերի ուսումնասիրման համար:  Որոշումը կհրապարակի մարտի 16-ին: