Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԴ-ն կքաղաքականացվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
zeynalyan

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՍԴ նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրել է ՀՀԿ նախկին պատգամավոր, այժմ՝ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ նպատակ է դրված, որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարի մինչեւ 2035թ.՝ մինչեւ 65 տարեկանը: «Կարծում եմ՝ այս հնարքով, այս տեղադրված բանալիով, չասեմ՝ ականով, արգելափակվում է նոր Սահմանադրության տրամաբանությունը. նոր Սահմանադրությամբ ՍԴ անդամները պետք է լինեն փոփոխական եւ գործեր ժողովրդավարական մեխանիզմը: Կարծում եմ՝ սա հատուկ արվել է այն բանի համար, որ չեզոքացվի դա եւ ՍԴ նախագահի պաշտոնում իրականացնի քաղաքական մեծամասնության քաղաքական կամքը ու քաղաքականացվի ՍԴ-ն»,- նշեց Արտակ Զեյնալյանը: Բանն այն է, որ Սահմանադրության՝ ՍԴ նախագահի ընտրությանը վերաբերող գլուխն ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից՝ սահմանելով, որ ՍԴ-ն իր կազմից 6 տարի ժամկետով ընտրում է դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի: Մինչդեռ դեռևս գործող Սահմանադրությամբ ՍԴ նախագահը նշանակվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ ՍԴ կազմից և պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը: ՍԴ նախագահի ընտրության հարցն ԱԺ-ն կքննարկի մարտի 20-ին, այսինքն՝ մինչեւ սահմանադրական նոր նորմի ուժի մեջ մտնելը. «Մարդիկ, որոնք  գրել են Սահմանադրությունը, ովքեր Սահմանադրության հեղինակներն են, անշուշտ, կանխատեսել են այս զարգացումները, նախապես պլանավորված է եղել»:               ՍԴ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները պետք է ավարտվեին մարտի 20-ից հետո, սակայն դա եղավ ժամանակից շուտ. իշխանությունները շտապեցին նրան ընտրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ. «Կարելի է նկատել, որ սա հարմարեցվում է նրան, որ հին՝ 2005թ. Սահմանադրության ռեժիմը գործի, եւ իրենց համար ցանկալի անձնավորությունը նշանակվի այդ պաշտոնում ու պաշտոնավարի մինչեւ 65 տարեկանը»: ՍԴ նոր օրենքով էլ հանվել է ՍԴ որոշումների անփոփոխելիության արգելքը: Այսինքն, ըստ Արտակ Զեյնալյանի, դա ենթադրում է, որ ՍԴ որոշումները կարող են նաեւ կսրբագրվել.  «Մասնավորապես, խոսքը ՏԻՄ մասին օրենքի սահմանադրականության գործով վերջին որոշման մասին է, որով ավագանու նիստի իրավազորության և իրավասության հարցն է լուծվում, այդ առումով Հրայր Թովմասյանը դրա կատեգորիկ հակառակ տեսակետին է, ու այդ որոշումը խոչընդոտ է ՀՀԿ-ի համար»:             Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնում իրենց թեկնածու առաջադրմանը, ապա պարոն Զեյնալյանը նշեց, որ դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել, խմբակցությունում քննարկումները շարունակվում են: Իսկ թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ինչ քայլերի կդիմեն, այդ մասին քննարկումները եւս դեռ ընթանում են: