Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները շարունակում են բռնություն կատարել ու չարաշահել դիրքը

Պաշտոնական
hqts

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, Վ. Բ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքում գործող հյուրանոցային համալիրում Ց. Խ.-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Ց. Խ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել, որ Վ. Բ.-ի ահազանգով նշված հյուրանոց ժամանած ոստիկանության աշխատակիցներին պարզաբանել է, որ ինտիմ բնույթի ծառայություններ մատուցելու համար Վ. Բ.-ին գումար է տվել, սակայն վերջինս ծառայություն չի մատուցել, իսկ գումարը դնելով կոշիկի մեջ` փորձել է հեռանալ: Այնուհետև, երբ Ց. Խ.-ն հյուրանոց ժամանած ոստիկաններից պահանջել է Վ. Բ.-ի կոշիկից հանել գումարը և արձանագրել վերջինիս կողմից իրեն խաբելու փաստը, ոստիկանության աշխատակիցները վրդովվել են իրենց ուղղություն տալու հանգամանքից և վիճաբանություն հրահրել: Այդ ընթացքում հիշյալ ոստիկանները ծեծի են ենթարկել Ց. Խ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպի հաջորդ օրը վերջինս ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներից պահանջել է իրենից հաղորդում ընդունել ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվել են հաղորդումն ընդունելուց: Կատարվում է նախաքննություն: Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 01.01.2018թ.-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել: Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: