Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Սասնա ծռեր»-ի ծեծի գործով տեղաշարժ չկա (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer

  «Սասնա ծռերի» անդամներին դատարանի նկուղում ծեծի ենթարկելու դեպքից 9 ամիս անց գործով որեւէ տեղաշարժ չկա.  «Միայն քրեական գործ հարուցելու որոշում կա, որեւէ կասկածյալ,  չկա:  Կան  սակայն տուժողներ»,-  «Ա1+»-ին ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նախորդ  տարվա հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, այնուհետեւ նկուղում Սասնա ծռերի 4 անդամներ  Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը դաժան ծեծի էին ենթարկվել: Բռնության ենթարկված Սասնա ծռեր խմբի անդամները որպես կազմակերպիչ նշել էին ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանին:  Սակայն նա ամիսներ շարունակ շարունակում էր  գործով տուժողներին ոչ միայն ուղեկցել կալանավայրից դատարան, այլ նաեւ ներկա գտնվել նիստերի դահլիճում «Ինչպես ես, այնպես էլ պաշտպան  Ինեսսա Պետրոսյանը բազմաթիվ անգամ դահլիճում տեսնելիս փորձում էինք այնպես անել, որ չգա դահլիճ, հիմա չի մտնում նիստերի դահլիճ, սակայն ուղեկցում է եւ ամեն նիստին նրան տեսնում եմ»,- ավելացնում է Արա Ղարագյոզյանը: Միջազգային  եվրադատարանի նախադեպը փաստում է՝  ենթադրյալ կասկածյալը չպետք է շփվի տուժողների հետ:  Արայիկ Խանդոյանի պաշտպանին զարգացումները մտահոգվելու տեղիք են տալիս. «Քանի որ օրենքը չի գործում եւ ընտրովի արդարադատություն է բռնություն գործադրողները ոչ միայն կենթարկվեն պատասխանատվության, այլ նրանց պաշտոնները կբարձրացվի: Ինչպես բարձրացվեց Արմեն Ղազարյանի պաշտոնը»: Փոխգնդապետ  Արմեն Ղազարյանին  նախորդ տարվա վերջին տրվել է գնդապետի կոչում:  Հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: «Սա հերթական այն հարուցված քրեական գործն է, որը երկու- երեք տարի քնեցնելուց հետո կկարճվի, կասեն հանցակազմ չկա, ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ»:    Պաշտպանը պնդում է, որ քրեական գործը պետք է հարուցվեր խոշտանգման հոդվածով, քանի որ «Սասնա ծռեր»-ի 4 անդամներին բռնության էին ենթարկել պատժելու նպատակով: