Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ելքը չի միանա հանրահավաքին. անդամները կմասնակցեն՝ որպես քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-collagNe

      Ելքը չի միանա Ազատության հրապարակում մարտի 10-ին անցկացվելիք հանրահավաքին: Այն կազմակերպել են «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու «Հայկական վերածնունդ» սփյուռքահայ կազմակերպությունը:«Կան մոտեցումների ու գործիքակազմի տարբեր ընկալումներ: Մենք բազմիցս նշել ենք, որ կողմ ենք խաղաղ ճանապարհով ցանկացած խնդրի լուծման: Մի խնդիր կա՝ այս ճակատ կոչվածը ինքը նույնքան անհանդուրժողական է այլակարծության նկատմամբ, ինչքան ՀՀԿ-ն. նրանց միջոցով կատարված հեղափոխությունը ես չեմ պատկերացնում, թե ինչ կբերի մեր երկրին եւ արդյոք դա այն է, ինչ մենք ուզում ենք: Մենք ունենք մեր ճանապարհը, ուղին, նպատակները, վաղվա Հայաստանի տեսլականը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:                   Հանրահավաքը կանցկացվի ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության կարգախոսով: Զուգահեռ հանրահավաքներ են անցկացվելու  Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում: Ելքը ոչ միայն չի մասնակցի, այլեւ չի սատարի հանրահավաքի մասնակիցներին, թեեւ դաշինքի առանձին անդամներ ազատ են՝ կարող են որպես մասնակից՝ ներկա լինել քաղաքացիների շարքերում, սակայն ոչ երբեք հարթակին: «Հրավերը եղել էր ոչ թե պաշտոնապես Ելքին, այլ Նիկոլ Փաշինյանին անձնապես: Սա անընդունելի ու սեպարիստական մոտեցում է, քաղաքական տեսանկյունից կոռեկտ չէ»,- նշեց Գեւորգ Գորգիսյանը:             Գեւորգ Գորգիսյանի խոսքով՝ իրենց համար ամբողջովին դեռ հստակ չէ հանրահավաքի մասնակիցների իրական նպատակները, դրանց հասնելու գործիքակազմը, քայլերը: Մինչդեռ հասարակությանն իր հերթին անհայտ է Ելքի օրակարգը՝ քաղաքական ուժն ինքը ի՞նչ է անելու ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, որի մասին բազմիցս է դեմ արտահայտվել ու խոսել քաղաքական պրոցեսների մասին: «Այդ ամեն ինչի քննարկման փուլն է մեզ մոտ, քանի որ մենք հասկանում ենք այն ծանր բեռը, պատասխանատվությունը, որ մեր ուսերին դրված է:           Եթե կգտնենք այնպիսի ծրագիր, որը քաղաքացիներին գործողության տանելու արդյունքում կբերի հաղթանակ, կբերի մեր ուզած արդյունքը, մենք դա կանենք, եթե ոչ, ուրեմն դա անիմաստ է, քանի որ դա լինելու է հերթական հիասթափությունը քաղաքացիների համար», նկատեց նա:             Այս պահի դրությամբ Ելքը բացառում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ հետագա համագործակցությունը, թեեւ ամեն ինչ կախված կլինի հանրահավաքի մասնակիցների գործողությունների ծրագրից: Մինչ այդ, Երեւանի փողոցներով մի խումբ երիտասարդներ անցկացրին իրազեկման ակցիա: Մարդիկ հիմնականում չէին հրաժարվում, վերցնում էին թռուցիկները, կարդում, սակայն կմասնակցեն, թե ոչ հանրահավաքին, պատասխաններն անորոշ էին: Անցորդներից մեկը սկզբում պատրաստակամորեն վերցրեց թռուցիկը, ապա՝ վերադարձրեց: «Հայկական վերածնունդ» սփյուռքահայ կազմակերպության շարժումը դնում են ՕԵԿ-ի տեղը, եւ մարդիկ հիասթափվում են, սակայն սա նույն շարժումը չէ», մեզ հետ զրույցում ընդգծեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարինե Այվազյանը:             «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներն են՝ Արմենակ Կյուրեղյան, Ալեք Ենիգոմշյան, Պետրոս Մակեյան, Արմեն Մարտիրոսյան, Դավիթ Սանասարյան, Կարապետ Ռուբինյան, Եղիշե Պետրոսյան, Վոլոդյա Հովհաննիսյան, Հովսեփ Խուրշուդյան, Արմեն Մովսիսյան, Թորոս Սեֆիլյան, Աշոտ Ադամյան, Արայիկ Պապիկյան, Մուշեղ Շուշանյան եւ այլն: