Մենք ունենք հնարավորություն՝ հաղթելու քաղցկեղը (տեսանյութ)

Հայաստանը  հետ չի մնում աշխարհի որևէ երկրից՝ հետազոտելու և կանխարգելելու կրծքագեղձի քաղցկեղը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

«Ընդամենը 20 տարի առաջ սա խորթ թեմա էր մեզ, մարդիկ տեղյակ չէին, որ տարեկան մեկ անգամ գնան հետազոտության։ Տեխնիկա նույնպես չկար։ Բարեբախտաբար, հիմա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ մենք ունենք հնարավորություն, հաղթելու այս հիվանդությունը և պայքարելու նրա դեմ բոլոր միջոցներով, որը կա աշխարհում։ Այսինքն Հայաստանը ոչնչով հետ չի մնում ամբողջ աշխարհում ընդունված, հաստատված միջոցներից, որոնք կարողանում են օգնել մարդկանց՝ ապրելու ավելի լավ որակներով և առողջ»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը։

Ըստ նրա՝ տարիների ընթացքում, հետազոտությունների արդյունքում հնարավոր է եղել 8000-ից ավելի կնոջ կյանք փրկել։

«Հիմա կանայք ավելի ուշադիր են, գալիս են ստուգման, որը օգնում է հայտնաբերել նախաքաղցկեղային փուլը ու կանխարգելել քաղցկեղը։ Չնայած ինտերնետային որոշ կայքեր ներկայացնում են, որ Հայաստանը 1-ին տեղում է այս հիվանդաության ցուցանիշով։ Բայց ասեմ,  որ մեր Հանրապետության գոնե կրծքագեղձի և քաղցկեղի հետազոտությունների կեսից ավելին կատարվում է մեր կենտրոնում։ Իսկ մեր կենտրոնի վիճակագրությունը ցույց է տվել, որ 2017 թվականին բավականաչափ նվազել է»,- ավելացրեց Խաչանուշ Հակոբյանը։

Խաչանուշ Հակոբյանը ավելացրեց, որ կրծքագեղձի քաղցկեղի  երիտասարդացման դեպքերն են շատացել, բայց համեմատած նախորդ տարիների, երբ քաղցկեղը հանդիպում էր ամեն 16-րդ կնոջ մոտ, հիմա ամեն 26-րդ կինն է հիվանդ կրծքագեղձի քաղցկեղով։