ԱՄՆ-ն ու Հայաստանը համագործակցում են երեխաների առևանգման դեմ պայքարում

2018 թվականի մարտի 1-ին ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ուժի մեջ մտավ 1980 թվականին  կնքված Հաագայի համաձայնագիրը՝ երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական իրավական կողմերի վերաբերյալ: Տվյալ պահին  Համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ն ձեռք է բերել 77 գործընկեր:

Ինչպես նշվում է չորեքշաբթի օրը հրապարակված՝ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, Համաձայնագիրն ապահովում է իրավական մեխանիզմ այն ծնողների համար, ովքեր պահանջում են իրենցից ոչ իրավաչափ կերպով բաժանված կամ խնամակալի իրավունքի խախտմամբ՝ իրենց բնակության երկրի սահմաններից դուրս պահվող երեխաների վերադարձը:

Համաձայնագրով՝ գործընկեր հանդիսացող երկրի տարածքում ապրող երեխաների հետ շփվելու հնարավորություն ստեղծել ցանկացող ծնողները, նույնպես կարող են դիմել այդ դրույթներին: «Համաձայնագիրը կարևոր է, քանի որ ապահովում է երեխաների առևանգման վերաբերյալ միջազգային գործերի լուծման միջազգայնորեն ճանաչված իրավական մեխանիզմը: Համաձայնագիրը շոշափում է ոչ թե այն հարցը, թե ով պետք է լինի երեխայի խնամակալը, այլ այն, թե որտեղ պետք է լուծվի խնամակալության հարցը»:

Պետդեպարտամենտին կից՝ երեխաների գործերով վարչությունը, որի իրավասության ներքո են գտնվում Համաձայնագրի հետ առնչվող հարցերը, ողջունում է Հայաստանի հետ գործընկերությունն ու ձգտում է համագործակցել նրա հետ այս կարևոր ոլորտում: