Կանայք փոխում են քաղաքականության դիմագիծը. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը եկավ ծաղիկներով, որոնք նա բաժանեց բոլոր լրագրողուհիներին։

Տոնը նա նշելու է իր ընտանիքի հետ. «Ինչ վերաբերում է կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, ապա դա փոխում է քաղաքականության դիմագիծը, ու մենք կունենանք առաջընթաց, եթե ներգրավվածությունը բարձր լինի։ Մեզ մոտ քաղաքականությունը միօրինակ է, քանի որ կանանց ներգրավվածությունը ցածր է»:

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին, երբ Զարուհի Փոստանջյանը երկու լրատվամիջոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել էր քաղաքապետարանի տարածքով, որից հետո քաղաքապետարանը որոշել է սահմանափակումներ անել, ինչպես նաեւ «Երկիր Ծիրանի»-ի կողմից գործ է հարուցվել, տիկին Փոստանջյանն ասաց .

«Մի տարին դեռ չի լրացել` քաղաքապետարանում մեր մուտքը տոնելու, սակայն այն, ինչ մենք հրապարակել էինք մեր ծրագրում` կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքը աղբից մաքրել, այդ գործընթացի մեջ է մտնում. այն, որ քաղաքապետարանը պետք է թափանցիկ լինի` բոլոր սենյակները, մանավանդ այն, ինչ այնտեղ կատարվում է, քանի որ դա հանրային տարածք է։ Եթե կա կարգ, որ սահմանափակում է մարդու աշխատանքը, ապա դա պետք հրապարակվի, մինչդեռ դա չկա։ Քաղաքապետարանը հատուկ պահպանվող տարածք չէ կամ զորամաս չէ, նրա մուտքն ընդամենը ապահովում են ոստիկանության աշխատակիցները։ Միանշանակ պետք է պնդեմ, որ քաղաքապետարանը ՏԻՄ է, որտեղ յուրաքանչյուր երեւանցի կարող է մուտք գործել։ Հակառակ դեպքում ստացվում է` ոստիկանապետական երկի՞ր, թե՞ քաղաքապետարան։ Սա խոսում է մեր ՏԻՄ չզարգացվածության մասին, բռնապետական երկիր լինելու մասին»:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի գործողություններին, երբ նա բռնի կերպով ավագանու դահլիճից դուրս էր հանել «Երկիր Ծիրանի»-ի երկու կին անդամներին, իսկ ապա` ասել, թե ինքը մասնագիտությամբ հակաահաբեկիչ է ու այդ պահին հակաահաբեկչական գործողություն է կատարել, Զարուհի Փոստանջյանն ասաց.

«Եթե նա նման ունակություններ ունի, ապա դա կարող էր կիրառել այլ վայրում, մինչդեռ նա նման իրավասություններ քաղաքապետարանում չուներ։ Նրա կողմից մեր կին անդամների առեւանգումն ու դահլիճից հեռացումը, գետին շպրտելը, սա ոչ մի կերպ չի մտնում նրա լիազորությունների մեջ ու քրեորեն հետապնդելի արարք է։ Ինչ վերաբերում է ԶԼՄ աշխատանքների սահմանափայման կարգի ստեղծմանը քաղաքապետարանի կողմից, ապա այդ սահմանափակում խոսում է ավտորիտար համակարգի մասին, հատկապես, երբ դա վերաբերում է նաեւ Կառավարության նիստերին։ Եթե ժողովրդավար երկիր ենք, ապա քաղաքապետարանը պետք է լինի բաց։ Մկնչդեռ ավտորիտաիզմը կամաց-կամաց վերածվում է տոտալիտարիզմի։ Նրանք կարող են մի որոշ ժամանակ վնաս պատճառել քաղաքացիներին ու տեղեկատվության տարածմանը, սակայն դա չի կարող մեզ կաշկանդել, քանի որ նրանք չեն կարող սահմանափակել ինտերնետը, ֆբ-ն։ Նրանք կարող են մի պահ խլացնել ինտերնետը կամ անգամ ԶԼՄ-երին քաղաքապետարանից դուրս հանեն։ Մենք կարող ենք նրանց հետապնդել այլ վայրերում ու մեր տեսախցիկներ կարող են արձանագրել այլ միջադեպեր եւս։ Հորդորում եմ քաղաքապետարանին, թեեւ գիտեմ, որ հորդորում տեղ չի հասնի, նման միջոցների չդիմեն»:

Ներքաղաքական զարգացումների մասին խոսելիս Զարուհի Փոստանջյանը նշեց, որ 25 տարի ապրեցինք վերահսկվող ժողովրդավարության մեջ, հիմա պետք է թոթափվենք։ Նա անդրադարձավ Ելքի ու «Փրկության ճակատ»-ի` մարտի 10-ին հանրահավաք անցկացնելուն` ընդդեմ Սերժ Սարգսյանի. «Քաղաքական առաջադրանքի առումով ՀՀ բոլոր նախագահների անունների փոփոխությունը կապ չունի, ընդամենը քաղաքական մենաշնորհը պետք է վերանա։ Ես համամիտ չեմ, որ Ելքը համամիտ է մեր գաղափարների հետ, քանի որ նա իր քաղաքական օրակարգը չի ներկայացրել, թե ինչպիսին պետք է լինի մեր իրական ԱԺ-ն։ Այսօրվա ԱԺ-ն ոչ օրինական մարմին է։ Կարելի է ասել փողոցից բերեցին այս Արմեն Սարգսյանին, խոպանչիին ու ՀՀ նախագահ դարձրին, նա ի՞նչ կապ ունի մեր քաղաքական գործընթացների հետ։ Ես ակնկալում եմ նման միացում հատկապես մեր հանրության կողմից, ինչպես եղավ Արցախյան շարժման ժամանակ, երբ մարդիկ համախմբվեցին ոչ թե անձանց շուրջ։ Իսկ ընդհանրապես, իսկական պայքարի համար հանրապետության բոլոր շրջաններում հրդեհի օջախներ, բողոքի ակցիաներ անցկացվեն` հստակ օրակարգով։ Հետո հրավիրում ենք մեր առաջին ԱԺ-ն` փողոցում ավելի, քան տասը օր մնալուց հետո։ Եթե մենք այս ամենին չենք անդրադառնալու, ինչպես նաեւ` անդրադառնալու վերջին 30 տարում կատարվածին, եթե չենք գնում լյուստրացիա անելու ճանապարհով, ապա ոչինչ չի ստացվի»:

Նա անդրադարձավ նաեւ Փաստաբանների պալատում «Երկիր Ծիրանի»-ի փոխնախագահ Կարապետ Աղաջանյան կողմից Սասնա ծռերի գործը վարող փաստաբանների նկատմամբ վարույթին` նշելով, որ այդ մասին առաջիկայում համապարփակ կանդրադառնա։