ՀՀ- ԵՄ համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է. Պյոտր Սվիտալսկի

«Այսօր` մարտի 7-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA»), Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ, կազմակերպել է բացառիկ ճեպազրույց` նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին:

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման համատեքստում կազմակերպված ճեպազրույցին, որը համակարգվում էր «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից, ներկա էին ԵՄ ինստիտուտների, դիվանագիտական կորպուսների, միջազգային հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և լրատվամիջոցների ավելի քան 40 ներկայացուցիչներ:

Իր ներածական խոսքում դեսպան Սվիտալսկին լավատեսորեն արտահայտվեց անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀՀԸԳ) վավերացման ու իրականացման գործընթացի առնչությամբ: Թեև Հայաստանի քաղաքացիական հանրության որոշ շրջանակներ մտահոգ են և դեռևս կասկածներ ունեն ՀՀԸԳ-ի իրագործման և մոնիթորիգնային գործընթացի նկատմամբ, այդուհանդերձ, «մենք ունենք հստակ ազդակներ, որ համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է»,-նշեց պարոն Սվիտալսկին:

«Լինելով ամենափոքր երկիրը Արևելյան Գործընկերության մեջ` Հայաստանը ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ»,-հավելեց Սվիտալսկին: Նա նաև ընդգծեց, որ համաձայնագիրը կարող է արագացնող գործոն հանդիսանալ տեղական բարեփոխումների իրականացման համար, ինչը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսական ներուժի ծավալման տեսակետից: ԵՄ դեսպանը իր խոսքում նշեց, որ «Հայաստանն ունի բոլոր նախահիմքերը` զարգանալու և բարգավաճելու համար», մասնավորապես` մտավոր և մարդկային կապիտալ: Սակայն անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել կայուն տնտեսական զարգացման հասնելու համար, որը ներկայումս խոչընդոտվում է վերահսկվող ու մոնոպոլիզացված համակարգի պատճառով, ինչը հիասթափության պատճառ է հանդիսանում երիտասարդ հայ ձեռնարկատերերի համար և դրդում է երիտասարդ ու շնորհալի մարդկանց լքելու երկիրը:

Ճեպազրույցին հաջորդած քննարկման ժամանակ շոշափվեցին մի շարք թեմաներ` կապված գենդերային անհավասարության, արտագաղթի, վիզայի ազատականացման հիմնախնդիրների, ինչպես նաև հին` Խորհրդային Միության նկատմամբ կարոտախտ ունեցող և երիտասարդ` Եվրոպական Միությունը որպես «ավելի լավ կյանքի մարմնավորում» համարող սերունդների բախման հարցի վերաբերյալ:

Եզրափակելով ճեպազրույցը` «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն շնորհակալություն հայտնեց դեսպանին և մասնակիցներին` բովանդակալից ելույթների համար: ««EuFoA»-ն  այսուհետ ևս կշարունակի աշխատել, որպեսզի համոզված լինի, որ Եվրոպական Միությունն ու Հայաստանը համակարծիք են կարևորագույն հարցերի իրենց մոտեցումներում»: