Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Կիպրոսի նախագահին

Պաշտոնական
10052_hjq

Մարտի 6-ին Կիպրոսում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը՝ Աթենք) իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:  Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Անաստասիադիսը, շնորհավորելով ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ վերջինս իր նշանակալի ավանդը կներդնի հայ-կիպրական եղբայրական հարաբերությունների էլ ավելի խորացման և ամրապնդման գործում՝ հավաստիացնելով, որ Կիպրոսի կառավարությունն առավելագույն աջակցություն կցուցաբերի նրան իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ: Նախագահ Անաստասիադիսը վերահաստատեց, որ Կիպրոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ակտիվ ջատագովն է և հետամուտ է լինելու այդ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը բոլոր ոլորտներում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Կիպրոսի նախագահը նշեց, որ իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին և գնահատում են հայկական կողմի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ՝ հավելելով, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նախագահ Անաստասիադիսը հայտնեց նաև, որ իրենք լիովին աջակցում են ուժի չկիրառմամբ և երկխոսության միջոցով հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:  Ամփոփելով խոսքը՝ Կիպրոսի նախագահն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Չարչօղլյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու բարեկամ երկրների հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկու եղբայրական ժողովուրդների համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար: Դեսպան Չարչօղլյանը նախագահ Անաստասիադիսին փոխանցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները Կիպրոսի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է հայ համայնքի առկայությունը Կիպրոսում, որն ամբողջության և ներդաշնակորեն ինտեգրվել է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Նախագահ Անաստասիադիսն անդրադարձավ կիպրական հիմնախնդրին՝ ներկայացնելով Կիպրոսի և միջազգային հանրության ջանքերը՝ խնդիրը միջազգային և ԵՄ իրավունքի շրջանակներում համապարփակ կարգավորելու և հյուսիսային Կիպրոսի օկուպացիան վերացնելու ուղղությամբ: Իր հերթին, դեսպան Չարչօղլյանը նախագահ Անաստասիադիսն մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ: