Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում երեխաների 9 տոկոսը թերսնված են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
erexa

Մինչև 5 տարեկան  թերսնուցված երեխաները Հայաստանում 9 տոկոս են կազմում, այն դեպքում,  երբ այս ցուցանիշը՝  2013-ին 19 տոկոս էր: Մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը նշում է, որ թերաճության ցուցանիշները ոչ միայն աղքատության հետեւանք են, այլ նաեւ երեխաների խնամքի հարցում գիտելիքի պակասի արդյունք: «Այս ցուցանիշը դրական միտում է, քանի որ իջել է նախորդ 5 տարիների նկատմամբ, բայց սրանով առաջնորդվել հնարավոր չէ: Շատ են սակավարյունություն ունեցող երեխաները, ում հասակը կարող է լինել նորմային համապատասխան, բայց նրանք ունեն ցածր դիմադրողականություն, հաճախ են հիվանդանում, զարգացումը դանդաղ է ընթանում, մահացության դեպքեր էլ կան»: Ըստ մանկավարժի, թեև մինչև 5 տարեկաններն ամենախոցելի խումբն են, բայց դպրոցական երեխաներն էլ ունեն նկատելի թերսնուցում: Նա ընդգծեց նաև մի խնդիր՝ Հայաստանում ծնողները երեխաների՝ մի քանի ամսական հասակից չարաշահում են քաղցրավենիքը, օրինակ՝ Շվեդիայում երեխաները քաղցրավենիք ուտում են շաբաթը մեկ անգամ, իսկ մեզ մոտ երբեմն անգամ մեկ տարեկան երեխայի մոտ քաղցրավենիքն է լինում հիմնական սնունդը: «World Vision Հայաստան» «Վաղ մանկության զարգացման» ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանը նշեց, որ արդյունքների հասնելու համար կարևոր է եւ՛ պետական քաղաքականությունը, եւ՛ միջազգային կառույցների աշխատանքը: Նրա խոսքով՝ թերսնուցված երեխաները կոնկրետ պարբերականությամբ պետք է հսկվեն բուժհաստատության կողմից. մինչև 1 տարեկան երեխան վեց անգամ պետք է ստուգվի իր մանկաբույժի կողմից, ուստի զարմանալի է, որ երեխան այդքան ժամանակ կարող է լինել ուշադրությունից դուրս: «Սա այն դեպքն է, երբ բոլոր օղակները, որ պետք է աշխատեին, չեն աշխատում, այստեղ առաջնային օղակն իր աշխատանքը լիարժեք չի կատարել: Բոլոր առաջնային բուժհաստատությունները պետք է ունենան ծնողական կրթության վայրեր: Թերսնված երեխաներ են այն ընտանիքներում, որտեղ ծնողը կրթված չէ, խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլ ծնողի՝ պատրաստված լինելու մասին»: