Մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը կգնա՞ Ազատության հրապարակ (տեսանյութ)

«Հանուն Հայաստան պետության ճակատ»-ը  հանրության ուշադրությունն է  հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախյան ազատամարտում մեծ ներդրում ունեցած Ժիրայր Սեֆիլյանը հնարավոր է ազատազրկվի 11 տարով։  Մինչ կհրապարակվի դատավճիռը, ճակատը մտահոգ քաղաքացիներին մարտի 10-ին հրավիրում է Ազատության հրապարակ։  Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակված է   մարտի 16-ին, եւ արդեն պաշտպանական կողմը հանդես է գալիս ճառով։  «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ը   պահանջում է ազատ արձակել քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվողներին։

«Քաղբանտարկյալների խնդիրը Հայաստանում  կլուծվի, երբ վարչախումբը հեռացվի եւ համակարգը փոխվի: Հայաստանի թուրքմենբաշիացմանն ուղղված հանրահավաք է»,- «Ա1+»-ին ասաց «Հանուն  Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը:  

Տարբեր գնահատականներով Հայաստանում կա  քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող 109 անձ։ Ալեք Ենիգոմշյանը վտանգավոր է համարում քաղաքական վերջին զարգացումները, եւ կարծում է, որ քայլեր չձեռնարկելու դեպքում՝ ժողովրդավարության նահանջը կլինի անխուսափելի. «Գործընթացն արգելակելն ինքնանպատակ չէ:  Հիմնական նպատակը  համակարգափոխությունն է՝ ոչ միայն բացասական  գործընթացների կանխումը,  այլ նաեւ դրականի ներդրումը: Սակայն  դրական ներդրմանը բացասականի կանխումն է»:

 Հանրահավաքին  ելույթներով հանդես են գալու  իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ: Թեեւ այն  բաց  է, բոլորը կարող են ներկա լինել, սակայն կան անձինք, ում «Հանուն Հայաստան պետության ճակատի»  կողմից անհատապես հրավիրվել են: «Հրավիրել ենք Նիկոլ Փաշինյանին ներկա լինելու իր ցանկացած կարգավիճակով՝  որպես  Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ, որպես «Ելք»-ի ներկայացուցիչ, դա իրենց որոշելիքն է»,- ասում է Ալեք Ենիգոմշյանը: 

   «Հանուն Հայաստան պետության»  ճակատը   երթ չի նախատեսում, թեեւ ամեն ինչ կախված է հանրահավաքի մասնակիցների ցանկությունից:  Բողոքն ,  ըստ Ալեք Ենիգոմշյանի,  չպետք է արտահայտվի մեկօրյա հանրահավաքի միջոցով, այն պետք է ունենա իր շարունակությունը:

«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ  նույն պահանջով  հանրահավաքներ են անցկացվելու նաեւ   Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում եւ  Փարիզում: