Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ ասում ենք՝ անփոխարինելի, նկատի չունենք՝ եթե Սերժ Սարգսյանը չլինի, աշխարհը շուռ կգա»

Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ-ն չի ճնշում Սերժ Սարգսյանին՝ դրժել իր խոսքն ու դառնալ ՀՀ վարչապետ: «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը դրժել է իր խոսքը: Խնդրին քաղաքական պիտի նայել. դա քաղաքական հայտարարություն է: Նա այդ հայտարարությունը կատարել է: Որևէ խնդիր չենք տեսնում առաջիկայում: Այս պահին մենք այլ թեկնածու չունենք, դրա համար, կարծում եմ, որ կուսակցությունն իր խոսքը պետք է ներկայացնի»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:             Դեռ 2014թ. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլեւս չի հավակնելու ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնին: Հենց ավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավորումը, այսինքն՝ ապրիլի 9-ին, ՀՀԿ-ն՝ որպես ընտրություններում ամենից շատ ձայն ստացած քաղաքական ուժ, պետք է արդեն որոշած լինի, թե ով է ՀՀ վարչապետի իր թեկնածուն: Այդ պաշտոնում ՀՀԿ-ականներն շարունակում են անփոխարինելի համարել Սերժ Սարգսյանին: «Երբ իմ ՀՀԿ-ական գործընկերներն ասում են՝ անփոխարինելի, նկատի չունեն՝ եթե մեր կուսակցության առաջնորդը չլինի, աշխարհը շուռ կգա կամ կյանքը կանգ կառնի ՀՀ-ում: Երբ ասում են՝ անփոխարինելի, նկատի ունեն, որ գործող քաղաքական գործիչների կազմում իրենից ավելի լավ, մեր սուբյեկտիվ կարծիքով, որեւէ մեկը չի կարող իրականացնել քաղաքական թիմի լիդերի պարտականությունները»,- վստահեցրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:               ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ-ում կոռուպցիայի և ժողովրդավարության մասին կարծիքներին։ Դեսպանի խոսքով՝ ամերիկացի ներդրողին կամ գործարարին առաջին հերթին մտահոգում է՝ արդյո՞ք իր  հանդեպ արդարացի և հավասար մոտեցում կլինի. «Ցանկացած երկրում կան կոռուպցիոն երևույթներ, բայց որևէ մեկը ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան՝ ՀՀ իշխանությունները։ Մենք ունենք քաղաքական կամք։ Մենք ուշադիր կլսենք մեր արտասահմանցի գործընկերների կառուցողական առաջարկները և եթե կարիք լինի, նոր կարգով կսկսենք բարեփոխումներ իրականացնել»:             «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով էլ՝ Ռիչարդ Միլսն ընդամենը փաստերի արձանագրում է արել եւ իրականում ԱՄՆ-ն ցականում է, որ ՀՀ-ն լինի մրցակցային երկիր, ներդրումներ գան ՀՀ. «Այն պարզ պատճառով, որ Կովկասում հավասարակշռության պահպանումը հնարավոր է միայն Հայաստանում տնտեսության զարգացման տեսլականի դեպքում: Իսկ դրա հիմքում պետք է դրվի մրցակցությունը, ազատ տնտեսական հարաբերությունների ձեւավորումը, կոռուպցիայի նվազումը»: Պատգամավորի համոզմամբ՝ կոռուպցիայի եւ անհավասար բիզնես միջավայրի դեմ պայքարը պետք է լինի իշխանությունների թիվ մեկ խնդիրը, հատկապես ապրիլից հետո: Իշխանություններն իրենց հերթին վստահեցնում են, թե հակակոռուպցիոն միջոցառումներն ավելի ու ավելի են խորացնում՝ հատկապես փոփոխությունների ենթարկելով օրենսդրական բազան: