Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորագրահավաք՝ Փարպի գյուղում

Հասարակություն
index

Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, որով  պահանջում են իրենց գյուղը չմիացնել խոշորացվող փնջին։ Ծրագրով նախատեսվում է Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ուշի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան  գյուղերը միացնել Կարբի գյուղին։ «Սկզբում գիտեինք, թե մեր երեք գյուղերն են իրար միացնելու` Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան։ Էս վերջում լսեցինք, որ միացնում են Կարբի գյուղին։ Ախր ո՞նց են մտածում, մեր գյուղը էդքան հեռու է Կարբիից, գյուղացու հարմարավետության մասին ոչ ոք չի՞ մտածում, գոնե, եթե մեծացնում էին, Աշտարակին միացնեին, էս ա մեր բողոքը: Հետ չենք կանգնելու դրանից,  ճանապարհ էլ կփակենք։ Մի խնդրի, հարցի դեպքում Փարպիից պետք ա գնանք Աշտարակ, Աշտարակից գնանք Կարբի, բա սա անելու բան է»,- ասում է Փարպի գյուղի բնակիչ Մելսիկ Աբրահամյանը։ Ժորա Գաբրելյանը, ով ժամանակին եղել է Փարպի գյուղի գյուղապետը, մտահոգվում է.«Բնակիչները էնքան դժգոհ են, որ էս ստորագրահավաքը կազմակերպիչ էլ չունի,  միահամուռ կերպով հավաքվել են։ Անցյալում էլ է սենց  խոսակցություններ եղել, բայց չեն արել»։ Գրիգոր Ղազարյանն էլ ավելացնում է.«Վատ պայմաններից հոգնած մարդու կյանքը ավելի են դժվարեցնում, արտագաղթողների թիվն էլ  կշատանա։ Թող մեզ գործ տան, էս երկիրը մենակ էդ մի քանի հոգունը չի»։ Թեմայի շուրջ խոսեցինք նաև Փարպի գյուղի գյուղապետ Իշխան Առաքելյանի հետ։ Նրա խոսքով` ստորագրահավաքը ինքնաբուխ է.«Բնակիչները շատ լավ հասկանում ու տեսնում են իրենց խնդիրները։ Ես` որպես Փարպի գյուղի գյուղապետ, չեմ կարող խոչընդոտել, գյուղացիներին ասել, թե լավ բան է, լավ կլինի։ Բոլոր մարզերում էլ բնակիչները դեմ են եղել։ Համայնքների խոշորացումից չեմ լսել, որ գոհ լինեն: Ո՞նց կանգնեմ, ինձ վստահող մարդկանց ասեմ` լավ բան է։ Ես իմ գյուղի բնակչի կողքին եմ, նրանցից մեկն եմ։ Առաջին անգամն է, որ գյուղում բոլորը համակարծիք են, որ գյուղի բնակիչը որոշել է ու ինքնաբուխ որևէ բան կազմակերպել»։ Այս պահին ստորագրահավաքի մասնակիցների թիվը 800 է, ստորագրահավաքը շարունակվում է։