Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստոմատոլոգիական ծառայությունները 10-15 %-ով կթանկանան (տեսանյութ)

Հասարակություն
stamatologner

 Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կառավարության նոր որոշումը՝ միասնական էլեկտրոնային համակարգ ներդնելու՝ լավ է, սակայն թանկացումների կհանգեցնի։ «Չգիտեմ ինչքան թանկացում կլինի, բայց կլինի։ Փաստացի,  եթե բոլոր ծախսերը հաշվենք մոտավորապես չոր հաշվարկով, ատամնաբուժարանները ունենում են 300-500 հազար դրամի ծախս: Կարծում եմ, երևի 10-15 տոկոսով կթանկանան ծառայությունները»,- նշեց Լազար Եսայանը: Հիշեցնենք, որ 2018թ.-ի մարտի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության 2017թ.-ի օգոստոսի 24-ին ընդունած «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1033-Ն որոշումը: Այս որոշմամբ յուրաքանչյուր պացիենտի այցը պետք է գրանցվի համակարգում և մանրամասն գրվի նաև հիվանդության մասին։ «Այս ծրագրի ներդրման պարագայում առաջանում են մեծ ծախսեր: Տարբեր շրջաններում միգուցե լրացուցիչ մուտքագրողի հաստիքի կարիք լինի, ծախս է լինում նաև ինտերներտի և համակարգիչների համար: Հատկապես մարզերում, շատ տեղերում չունենք ինտերնետ: Նախարարությունից հանձնարարել են, որ բոլոր խնդիրները նրկայացվի:  Առողջապահության նախարարությունը պատրաստակամ է բոլոր հարցերը քննարկելու և լուծումներ տալու»,- ավելացնում է Լազար Եսայանը Ըստ նրա՝ սխալը կայանում է նրանում, որ այս ամենը պետք էր նախապես մշակել, քննարկել, բոլորին ներկայացել. «Հետո նոր  ուղարկեին կլինիկաներին, որ գիտե՞ք ինչ, հունվարի  8-ից այս քայլերը պիտի սկսեք, իսկ մարտի 6-ից պետք է համակարգում մուտքագրեք: Բնականաբար երկու ամսվա պարագայում չեն կարող բոլոր կլինիկաները պատրաստվել»: Լազար Եսայանը նաև նշում է, որ այս նոր համակարգը հօգուտ պացիենտի է, որը կօգնի բժշկին ավելի լավ պատկերացում ունենալ  հիվանդի խնդիրների մասին. «Ունենալով այդ հնարավորությունը՝ բժիշկը կարող է մուտք գործել համակարգ և ավելի մանրամասն ծանոթանալ պացիենտի առողջական վիճակի մասին, այսինքն հօգուտ պացիենտի:  Այստեղ այլ խնդիր է անձնական տվյալների հարցը, երբ ուրիշները կարող են տեսնել, որը ես նույնպես անընդունելի եմ համարում»,- ասաց Լազար Եսայանը: