Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյուղնախարարությունում թող 200-300 հոգու փոխարեն 30-40-նն աշխատեն, բայց շփվեն գյուղացու հետ» (տեսանյութ)

Տնտեսություն
Aleqsanyan

«Գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է արդյունաբերությունը զարգացնել»,- ասում է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստակամորեն աջակցում է գյուղատնտեսությանը: Վերջին նիստերից մեկում կառավարությունը սուբսիդավորում նախատեսեց ազոտական և ֆոսֆորական պարարտանյութեր ձեռք բերելու համար: Պարարտանյութերը ներկրվում են, և կոնկրետ ֆոսֆորական պարարտանյութը թանկ արժե: «Եթե կարողանում ենք ազոտական պարարտանյութ արտադրել, ինչո՞ւ ենք ներկրում Վրաստանից»,- հարցադրում է նա: Պարոն Սաֆարյանը նշում է, որ այսօր ՀՀ-ում կան 93 000 ոռոգվող հողեր, որոնցից 22-23 000-ը չի մշակվում: Պատճառն այն է, որ մեծ է արտագաղթը և աշխատուժի պակաս կա:  «Ժամանակին նախաձեռնեցինք կոոպերատիվներ ստեղծել, բայց դրանց շարժումը արդյունավետ չի զարգանում»,- ասում է նա: Հայաստանում պահանջված ցորենի կեսն արտադրվում է Հայաստանում, մյուս կեսը ներկրվում է: Ըստ պարոն Սաֆարյանի՝ եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ ցորենի արտադրության համար, հնարավոր է ողջ պահանջարկը սպառել՝ առանց ներկրման: Նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը սխալ է համարում հողակտորները գյուղացիներին սեփականության իրավունքով տալը: «Դրանք պետք է միավորել և տալ հողագործներին, քանի որ ոչ բոլոր գյուղացիներն են զբաղվում հողի մշակությամբ: Ժամանակն է, որ անցնենք ֆերմերային տնտեսություններին»,- ասում է նա: Քննադատելով Գյուղատնտեսության նախարարությանը՝ նախկին պատգամավորն ասում է, որ գյուղնախարարության աշխատողներն այսօր պետք է դաշտերում լինեին, շփվեին գյուղացու հետ, ոչ թե դահլիճում հավաքեն գյուղապետարանի աշխատողներին ու նկարվեն: «Գյուղնախարարությունում թող 200-300 հոգու փոխարեն 30-40-նն աշխատեն, բայց շփվեն գյուղացու հետ»,- շեշտում է նա: Պարոն Ալեքսանյանը, խոսելով գյուղմթերքի իրացման դժվարությունների մասին, գտնում է, որ, օրինակ, քաղաքապետարանը կարող է օգնել այս հարցում: «Քաղաքապետարանը կարող է յուրաքանչյուր շենքի մոտ 1000 դոլարանոց շարժական խանութներ բացել և թույլատրել վաճառել միայն պտուղ-բանջարեղեն և կաթնամթերք՝ այն տրամադրելով գյուղացի արտադրողներին»: