Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարյուր տարվա հետեւություն

Քաղաքականություն
aylyntranqayin

Հայկական բանակ՝ հարյուր տարվա ընթացք   Մաս 1  Նախաբանի փոխարեն  Սոցիալական դժվարությունները, անարդարությունները, արտագաղթը և այլ գործոններ հանգեցրել են մեր ինքնագնահատականի լուրջ անկմանը։ Մենք մեզ ցավալիորեն սկսում ենք ընկալել որպես թույլ և անհեռանկար, մեծ հաջողությունների անընդունակ ժողովուրդ։ Այդպես է մեզ ներշնչում նաև մեր՝ լայն մտածելուց զուրկ, կենցաղային բնույթ կրող վերնախավի 90 տոկոսը։ Վերնախավն իր դղյակաքեֆային արժեքներն է ամեն կերպ փաթաթում ու համոզում, որ մեծ բանի, մեծ նպատակների հայ հասարակությունը և հայ պետականությունն ունակ չեն։ Այդպես չէ ամենևին, իհարկե։ Մենք պատմության շատ կարճ ժամանակահատվածում պետականության ահռելի ճանապարհ ենք անցել։ Պետություն ենք ստեղծել, քաղաքներ ու գյուղեր ենք կառուցել, արդյունաբերություն և լուրջ գիտություն ենք ստեղծել։ «100 տարվա հետևություններ» ծրագրի շրջանակներում մենք սկսում ենք տարբեր բնագավառների վերաբերյալ փաստավավերագրական նյութերի հրապարակումը։ Նպատակն է՝ ցույց տալ, հիշեցնել ինքներս մեզ ոչ միայն մեր սխալներն ու ձախողումները, այլև՝ մեր ձեռքբերումները՝ 100, 50 թե 5 տարի առաջ։ Խնդիրները միշտ կան, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք առաջիկայում չենք կարողանալու լուծել դրանք՝ անկախ իրենց ծավալից։Երկրում պետք է փոխել մթնոլորտը, ձևավորել նոր, թարմ, առաջադիմական վերնախավ, որը կվերականգնի մարդու հավատը պետության հանդեպ։ Նոր մթնոլորտի ձևավորումից հետո ինքնաբերաբար կփոխվի նաև պետության հանդեպ վերաբերմունքը, պետությունն ու երկիրը կսկսեն վերջապես ընկալվել որպես մեկ ամբողջություն։ Այս հրապարակումների շարքը մեզ կօգնի տեսնել պետականության կայացման 100-ամյա ճանապարհն իր ամբողջության մեջ, գնահատել այդ ճանապարհին ունեցած ձեռքբերումներն ու հետևություններ անել նույն այդ ճանապարհին արված սխալներից։ Ամբողջական, օբյեկտիվ հայացքը կօգնի՝ ճիշտ հետևություններ անել հետագա տասնամյակների համար։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն հեղինակներին, մասնագետներին, ոլորտային փորձագետներին, որոնք կատարեցին հսկայական աշխատանք այս նախագծի շրջանակներում։ Պատահական չէ, որ նախագիծը սկսում ենք հայկական բանակով՝ տեսնելու այն բարդ ճանապարհը, որ այն անցել է 100 տարվա ընթացքում։ «Այլընտրանքային նախագծեր խումբ»   Հայկական կորպուսի կազմավորումը եւ կազմը Առաջին Հանրապետության հռչակումից դեռ մի փոքր էլ առաջ, վստահաբար կարող ենք ասել, ձևավորվել էր հայկական բանակի կորիզը: 1917թ. ռուսական բանակը, հայկական կամավորական ջոկատների հետ միասին, զգալի հաջողությունների էր հասել Կովկասյան ռազմաճակատում. թուրքերը, չդիմանալով ռուսների հարվածներին, հանձնում են Էրզրումը, Տրապիզոնը, Բիթլիսը:  Ռուսական բանակի քայքայման գործընթացը խորացավ 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: Ռուսական զորքերը տարերայնորեն լքում էին դիրքերը և վերադառնում Ռուսաստան: Բանակի քայքայման և թուրքական հարձակման պայմաններում, հաշվի առնելով այն փաստը, որ ամենակայունը հայկական ստորաբաժանումներն էին, Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը որոշում է ստեղծել հայկական ազգային զինվորական կազմավորումներ, որոնք էլ մի քանի ամիս անց դարձան անկախ Հայաստանի զինված ուժերի հիմքը: «Հաշվի առնելով, որ ներկա պահին Կովկասյան ճակատի լավագույն ստորաբաժանումները հայկական գումարտակներն են» ռազմաճակատի հրամանատար գեներալ Լեբեդինսկին 1917թ. սեպտեմբերին դիմում է գերագույն հրամանատարությանը հայկական 2-րդ հրաձգային բրիգադը կազմավորելու խնդրանքով: Նոյեմբերին ստացվում է համապատասխան թույլտվությունը, և հայկական երկու բրիգադները միավորվում են` ստեղծելով Հայկական հրաձգային կորպուսը: Կորպուսի հրամանատար է նշանակվում ցարական բանակի կադրային սպա, գեներալ Թովմաս Նազարբեկյանը: Հայկական բանակային կորպուսի կազմում կար երկու հրաձգային դիվիզիա։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ, կամավորական խմբավորումներ, որոնցից էին Անդրանիկի զորամասը, Պանդուխտ մշեցիների խումբը, սասունցիների ջոկատները և այլն։ 1918 թվականի մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20 000, որից մոտ 800-ը՝ սպա։ 1918 թվականի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի: 1919 թվականի հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր։ Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30 000: 1918 թվականի մարտի 31-ի տվյալներով՝ հայկական կորպուսի զորամիավորումների խմբավորումները և մարտական կազմն ունեին հետևյալ պատկերը.

  • Բեգլի Ահմեդի զորաջոկատ՝ թվով 11 գումարտակ, 14 լեռնային, 4 թեթև թնդանոթ, 8 հեծելազորային էսկադրոն,
  • Կաղզվանի զորաջոկատ՝ 1 գումարտակ և 130 հեծելազորային, Երևանի զորաջոկատ՝ 14 գումարտակ, 12 լեռնային, 6 թեթև թնդանոթ և 3 հարյուրյակ,
  • կորպուսի պահեստային ուժերի կազմում կար 11 գումարտակ, ընդամենը՝ 37 գումարտակ, 26 լեռնային և 10 թեթև թնդանոթներ, 170 գնդացիր, 12 հեծելազորային էսկադրոն և 3 հարյուրյակ, որոնցում կար 16715 հետևակ ու հեծյալ զինվոր և 600 սպա: Արդեն 1920 թվականի հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25 000-ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի։
Հայաստանի առաջին հանրապետության բանակի սպառազինությունը Հայկական բանակն սկզբից ևեթ կազմավորվել է ռուսական բանակի սպառազինության հիման վրա: Շարքային զինվորի հիմնական զենքը եղել է ռուսական երեքգծանի` 7,62մմ-անոց «Мосин-Наган» հրացանը (7,62x54 Rմմ-անոց փամփուշտներ), որոշ` սահմանափակ քանակությամբ, կային նաև գերմանական, ֆրանսիական և այլ տեսակի հրացաններ: Ըստ որոշ տվյալների` ռուսական բանակի հեռանալուց հետո Հայաստանի Հանրապետությանը մնացել էր 100.000 երեքգծանի հրացան, մեկ միլիարդ փամփուշտ, 3.000 թնդանոթ, 3.000 գնդացիր և այլն: Այս տվյալները կան անգամ Անդրանիկի հուշերում: Կարծում ենք, որ այս թվերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից հայկական զորքերն ունեցել են հատկապես փամփուշտների և հրետանու պակասություն: Ռուս-թուրքական ռազմաճակատը նույնիսկ լավագույն ժամանակներում չուներ 3.000 հրանոթ կամ գնդացիր: Նույնը վերաբերում է նաև հրացանների ու փամփուշտների թվերին: 1920թ. հուլիսի 5-ին Բաթում հասած նավն Անգլիայից բերել է 25.000 միավոր «Ross Mark II» կամ «Ross Mark III» կանադական հրացան, 400 միավոր «Vickers» գնդացիր և մոտավորապես 58.000.000 փամփուշտ այս զենքերի կիրառման համար, ինչպես նաև մեծ քանակությամբ պարեն, հագուստ և այլն: 10.000 միավոր հնացած «Gras» ֆրանսիական հրացան և 4.000.000 փամփուշտ Հայաստանին փոխանցեց Հունաստանը: Դրանք արդեն հնացած զենքեր էին համարվում: Ռուսական սպիտակ գվարդիական շարժման առաջնորդներ գեներալներ Ա. Դենիկինը և Պ. Վրանգելը տրամադրել էին երեքգծանի հրացանի 3 մլն փամփուշտ և հրետանային արկեր: Տրամադրված զենքերից որոշ քանակություն փոխադրման դիմաց ստիպված էինք թողնել Վրաստանին: Ինչպես պարզվում է՝ այդ հարկը երբեմն կազմում էր ավելի քան 27%: 1919թ. Հայաստանի կառավարությունը դիմել էր ֆրանսիական կողմին՝ 10.000 միավոր «Lebel 1886/93» հրացանների գնման համար, որոնք նրանք շատ թանկ էին վաճառում: 1920թ. ամռանը ֆրանսիացիներն ամեն կերպ ցանկանում էին Հայաստանին վաճառել «Lebel» հրացանների մեծ, հավանաբար՝ այլ խմբաքանակ: Հայկական բանակը գրեթե միշտ ունեցել է գնդացիրների պակաս, սակայն խնդիրը ոչ միայն դրա՛նց քանակի մեջ էր, այլև՝ փամփուշտների: Հայկական բանակում կիրառվում էին ռուսական «Maxim»-ներ, սահմանափակ քանակությամբ անգլիական «Vickers», ամերիկյան «Lewis» և «Colt Browning M1895» գնդացիրներ: Շատ էր սիրված հատկապես «Lewis»-ը, որը կիրառման համար ամենահարմարն էր: Փաստորեն՝ բանակը կիրառում էր մի քանի տեսակի գնդացիր, և դրանց համար տարատեսակ փամփուշտների հայթայթումը մեծ խնդիր էր: Նույնիսկ 1919թ. մարտի դրությամբ Դրոյի ենթակայության տակ եղած ավելի քան 1400 հոգանոց զորախումբն ուներ ընդամենը 2 գնդացիր: Գնդացիրների մասով ստացվում է շատ անկանոն պատկեր. հիմնականում դրանք աղետալի քիչ են եղել: Հայկական բանակի սպայական ու զինվորական կազմի որոշ մասը զինված էր նաև ռուսական բանակի հիմնական «Nagant» թմբկավոր ատրճանակներով (7,62x38մմ փամփուշտով): Սակայն բոլորի կողմից առանձնահատուկ սեր էր վայելում մեծ տարածում գտած «Mauser К-96» ուղիղ փամփշտատուփով ատրճանակը (7,63x25մմ փամփշտով)` այսպես կոչված տասանոցը: Ըստ ուսումնասիրող Զորիկ Ծատուրյանի` հայկական բանակում այդ ժամանակ եղել են հետևյալ սառը զինատե-սակները`  - 1881թ. նմուշի դրագունական թրասուսեր (ռուս.` шашка), - 1904թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի թրասուսեր, - 1913թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի սպայական թրասուսեր, - 1913թ. նմուշի հետևակային զորքերի սպայական կոր սուր (ռուս.` сабля), - 1907թ. նմուշի «Բեբուտ» դաշույն, - 1904թ. նմուշի կազակական զորքերի դաշույն: Հայկական կորպուսի հրետանին կազմավորված էր հրետանային 2 բրիգադից, 4 առանձին դիվիզիոնից և առանձին լեռնային մարտկոցից, կար ընդհանուր առմամբ մոտավորապես 100 հրանոթ, որոնցից միայն կեսն էր պահպանվել պատերազմից հետո: Վրաստանի դեմ պատերազմում հայկական բանակը բռնագրավեց 17 հրանոթ, որից 2-ը` հաուբից, գնդացիրներ, հրացաններ, ձիեր և այլ գույք: Բացի այդ, մեր բանակը համալրվեց նոր զրահագնացքներով: Ընդհանրապես զրահագնացքների թեման բավականին հետաքրքիր է: Ոչ մի փաստաթղթում հնարավոր չէ գտնել հայկական բանակի զրահագնացքների ստույգ թիվը, հասկանալ, թե դրանց նախնական քանակը, վրացական բանակից վերցվածների հետ միասին, ինչքան է կազմել, ինչպես են գոր-ծածվել և այլն: Դրանք բավականին կարևոր միջոցներ էին այդ ժամանակ. հիմնականում նախատեսված էին երկաթուղագծերի մոտ գտնվող կարևոր նշանակության օբյեկտների պաշտպանության և համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար, շատ հաճախ կիրառվում էին ապստամբած այս կամ այն շրջանների դեմ պայքարի համար: Այս զրահագնացքները բաղկացած էին զրա-հապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակից և մինչև չորս զրահապատ պահեստավագոններից: Զրահահարթակների վրա տեղակայված էին թեթև հրանոթներ և մի քանի գնդացիրներ: Կարսում ևս թուրքական զորքերը թողել էին որոշ քանակությամբ կիսաթալանված կամ կիսաոչնչացված հրետանային գույք` հրանոթներ, զինամթերք, վառոդ և այլն: 1919թ. վերջին բանակի հրետանին ուներ 130-140 հրանոթ, որոնցից 63-ը (15 մարտկոց) տրված էր հրետանային բրիգադին: Կարսի բերդի հրետանին ուներ 64 հրանոթ և 2 զրահագնացք` 4 հրանոթով: Հատուկ նշենք, որ 1914-1916թթ. Կարսի ամրոցում եղել է մոտավորապես 90 հրանոթ, հաուբից և հրասանդ` 5 հրետանային գումարտակ (դիվիզիոն): Հայաստանի Հանրապետության բանակը չէր կարող ունենալ լավ հրետանային միջոցներ`  1. Հիմնականում երկրորդական համարվող կովկասյան բանակում հրետանու գործն ավելի վատ էր, քան եվրոպական ճակատում: 2. Ամրոցների հրետանին առհասարակ, ինչպես նշվեց, վատ վիճակում էր:  3. Հայկական բանակում գրեթե իսպառ բացակայում էր ծանր հրետանին:  4. Դաշնակիցներից չի ստացվել հրետանու համար շոշափելի օգնություն: 1920թ. Մեծ Բրիտանիայից Հայաստանին է փոխանցվել 44 հին հրանոթ: Ռուսական հրամանատարության կողմից հայկական կորպուսի տնօրինությանն էր հանձնված 2-րդ, այլ տվյալներով` 3-րդ Կովկասյան ավիաջոկատը, որը և դարձավ հայկական բանակի օդուժի հիմքը: Հայկական բանակի ավիաջոկատի հիմնադրման ամսաթիվ է համարվում 1918թ. օգոստոսի 15-ը: Ավիաջոկատի առաջին հրամանատարն էր պորուչիկ Վոիպովը, որին 1919թ. սկզբներին փոխարինեց հետագայում լավ հայտնի Արթուր Վասիլի Ղուլյան-Ռիլսկին (երբեմն նշվում է նաև Գուլյան): Սկզբնապես հայկական միակ ավիաջոկատն ուներ երեք ինքնաթիռ, երեքն էլ տարբեր մակնիշների` «Nieuport», «Morane-Saulnier L» և «Voisin III» կամ «Voisin V»: 1919թ. փետրվարի 28-ի թվագրմամբ կա մեկ հետաքրքիր զեկուցագիր, որը ռազմական նախարարն ուղարկել է նախարարների խորհրդին: Զեկույցում մասնավորապես նշված է, որ տվյալ դրությամբ օդուժում կա ընդամենը մեկ գործող օդանավ, և մի քանի ամսից երկու կոտրվածից կարելի է հավաքել մեկը: Բոլոր սարքերը հնացած են ու մաշված: Վերջում նախարարը խնդրում է թույլ տալ՝ ուսման համար գործուղել 5-6 սպա և 15-18 զինվոր, իսկ Ֆրանսիայից գնել ինքնաթիռներ ու սարքավորումներ: Կարսի ազատագրումից հետո` 1919թ. մարտից, փաստորեն սկսվեց նոր ջոկատի կազմավորումը: Կարգի բերվեցին թռիչքադաշտը, անգարներն ու պահեստամասերը, ստեղծվեցին ինքնաթիռների նորոգման ու հավաքման արհեստանոցներ: 1920թ. տարբեր երկրներից Հայաստան էին ժամանում նաև ավիացիայի ոլորտի տարբեր մասնագետներ: Հայաստանն Անգլիայից գնել էր որոշ քանակությամբ ինքնաթիռներ, որոնք, սակայն, 1920թ. սկզբից կանգնած էին Բաթումում և Հայաստան չէին փոխադրվում: Առաջին հայ օդաչուներից էին նաև Ռուբեն Բաբայանը, Նիկոլայ Խորոզովը: Վերը նշված երկու ֆրանսիական ինքնաթիռները Բաթումից Հայաստան են ուղարկվել 1920թ. հունիսի 16-ին: Ընդհանուր առմամբ, հայկական ռազմական ինքնաթիռների քանակը հասել է մինչև 12-ի, դրանք 1920թ. հայ-թուրքական պատերազմում կատարել են շուրջ 30 ռմբանետում: Կարսի անկման օրերին ավիաջոկատում, փաստորեն, դեռ կար երկու ինքնաթիռ, որից մեկն էր միայն գործում: Այդ մասին բավականին ցայտուն մանրամասնում է Կարսի օդանավային ջոկատի զինվոր, ապագա մեծ խորհրդային ավիակոնստրուկտոր Արամ Ռաֆայելյանցը: Նա նշում է, որ 1920թ. հոկտեմբերի 30-ին՝ մոտավորապես ժամը 12-ին, Կարսի անկման անխուսափելիության պայմաններում նրանք ավիաջոկատից օդ բարձրացրին միակ սարքին ինքնաթիռը: Օդաչուներն էին մեզ արդեն ծանոթ կապիտան Ա. Ղուլյանը և պորուչիկ Ն. Խորոզովը: Այդ սարքը, օդ բարձրանալով, նախ փորձեց իր գնդացրային կրակով օգնել հայկական զորքերին, իսկ հետո ուղևորվեց դեպի Երևան: 1918թ. օգոստոսին ձևավորվեց ռադիոհեռագրական բաժանմունքը: Գտնվեց 2 ռադիոկայան` մեկը Քանաքեռի հրետանային պահեստում, մյուսը` Բաշ-Ապարանում: Սևանա լճի նավատորմիկը կազմավորվեց 1919թ. մայիսին: Կազմավորողն ու հրամանատարն էր ռուսական ծովակալության սպա Սերգեյ Թումանյանը: Նավատորմիկի բազան սարքավորվեց Ելենովկա գյուղում (այժմյան Սևան քաղաքում): Հիմնվեց նավահանգստային դարբնոց, փականագործական և ատաղձա-գործական արհեստանոցներ: Կառուցվեց «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավը, որի տարողությունը 1000 փութ էր, զինված էր մեկ թնդանոթով, երկու գնդացրով և ուներ լուսարձակ: Նավատորմիկը նախատեսված էր զորք և ռազմական բնույթի բեռներ փոխադրելու համար: Բացի «Աշոտ Երկաթ» ռազմանավից` նավատորմիկն ուներ նաև մի քանի շարժիչային թիանավ, իսկ 1920թ. սեպտեմբերին Շահթախթից Սևանա լիճ փոխադրվեց ռուսական նավատորմի «Սեստրիցա Նյուշա» նավը, որը Հայաստան էր բերվել դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին` Վանա լիճ փոխադրելու համար: Այն վերանվանվեց «Գեղանուշ»: Հայաստանի անկախության հռչակման շրջանում հաղորդակցությունն իրականացվում էր շաբաթը 1-2 անգամ` թուրքերի թույլտվությամբ` Ալեքսանդրապոլով, ընդ որում` կառավարության տնօրինության ներքո կային 3-4 շոգեքարշ և 2 ապրանքատար գնացք: Բացի այդ, թուրքերն արգելում էին որևէ ռազմական գույք անցկացնել: 1920թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ, բնականաբար, սպառազինությունն ունեցել է առանցքային նշանակություն: Ինչպես նշեցինք, այո, Անգլիայից եկած հրացանները ունեին որոշակի խնդիրներ, սակայն դրանք չէին կարող որոշիչ լինել, եթե պատերազմը վարվեր ինչպես հարկն էր: Ամփոփելով` փաստենք, որ հայկական բանակը 1918-1920թթ. զինված էր իր ժամանակի համար բավականին արդիական զենքերով, սակայն, այնուամենայնիվ, կային որոշ խնդիրներ: Մասնավորապես՝ սակավ էր գնդացիրների և հրետանային միջոցների քանակը, ընդ որում` ոչ թե հակառակորդի հետ համեմատած, այլ՝ նվազագույն պահանջների համար, ստորաբաժանումների խնդիրների լուծման համար: Հատկապես ծանր էր թեկուզ եղած քանակի զենքերի համար զինամթերքի մատակարարման գործում: Սպառազինության համար որպես թերություն կարելի է համարել նաև որոշակի բազմազանությունը: Նորանկախ երկրի համար լրացուցիչ ջանքեր էին պահանջում այդ զենքերի զինամթերքի մատակարարման, զենքերի սպասարկման և դրանց օգտագործման հմտությունների յուրացման՝ լրացուցիչ խնդիրները: Ընդհանրացնելով. Պետք է փաստենք, որ բանակի սպառազինությունը երկուսուկեսամյա մշտական ռազմական գործողությունների համար եթե անգամ գերազանց չէր, ապա բավարար էր: 1920թ. թուրք-հայկական պատերազմում ցավալի պարտությունը սպառազինության հետ ոչ մի կապ չուներ:     Արեգ Արզումանյան  «Այլընտրանքային նախագծեր խմբի» պատվերով Շարունակելի