Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք փոխվարչապետ, 17 նախարարություն. փոփոխություն Կառավարության կառուցվածքում (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-harutyunyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ներկայացրեց Կառավարության կառուցվածքի փոփոխությունը` նշելով, որ լինելու է երեք փոխվարչապետ, 17 նախարարություն, վարչապետը հրաժարական է ներկայացնում, եթե կորցրել է քաղաքացիությունը, Կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ, թեեւ օրակարգը նախորդ օրը պետք է ներկայացվի գործադիրի կայքում. «Պետական արարողակարգի, վերահսկողության եւ պահպանության մարմինները ավելացվել են Կառավարության կառուցվածքում»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, նրան հարց ուղղելով, նշեց, որ ՍԴ անդամի, ԲԴԽ անդամի ու մյուս շատ այլ դեպքերում երդման արարողակարգը հանվի. «Նաեւ` անիմաստ է, կարծում եմ, որ օրենքով ենք նշում, թե նախարարների հայտարարությունները համահունչ լինեն Կառավարության քաղաքականությանը, առանց վարչապետի համաձայնության հայտարարությամբ հանդես չգան նախարարները. դա պետք է ենթադրվի քաղաքական մշակույթից ելնելով։ Նաեւ` պետք չէ, որ ամեն գերատեսչության պետ ուղերձ հղի։ Այս հարցը պահեք ձեր գզրոցում, քանի որ դա առաջնորդին բնորոշ գործառույթ է»։«Քանի դեռ քաղաքական մշակույթի տարր այն չի դարձել, պետք է ամրագրվի օրենքով։ Քաղաքական համաձայնությունը քաղաքական մշակույթի վրա չթողնենք, այլ օրենքով սահմանենք, քանի որ ունենք կոալիցիաներ»,- արձագանքեց Դավիթ Հարությունյանը։ Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր հերթին անդրադարձավ Կառավարության դռնփակ նիստերին. «Դա ի՞նչ նպատակ է հետապնդում։ Միայն չասեք, թե ժողովրդավարություն կամ բանավեճ է ենթադրում. այդ տրամաբանությամբ ԱԺ նիստերն էլ փակենք։ Նաեւ` Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանել եք, պահպանել եք Սփյուռքի նախարարությունը։ Ինչո՞ւ. դա կարող էր լինել ընդամենը վարչություն»: «Էական տարբերություն կա օրենսդիր ու գործադիր մարմինների միջեւ։ Գործադիրն աշխատում է կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով, դրանով է պայմանավորված դռնփակությունը։ Ու դա ժողովրդավարական է դիտվում գործադիրի դեպքում ւ տարբերություն ԱԺ-ի, որի դեպքում հակաժողովրդավարական կլիներ։ Նախարարությունների կազմի փոփոխությունը քաղաքական նպատակահարմարության խնդիր է` պայմանավորված նրանով, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում իր աշխատանքը` առավել արդյունավետ կազմակերպելու իմաստով»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը։ Մանե Թանդիլյանը նկատեց. «Կոլեկտիվ պատասխանատվությունը մինչ Կառավարության նիստն է ձեւավորվում, մինչդեռ նիստերը, դռնփակ դարձնելով, այսպիսով լուսաբանման թափանցիկությունն եք սահմանափակում ու ԶԼՄ աշխատանքը»: «Առաջ ավելի բանավիճային ու բուռն էին Կառավարության նիստերը, քան հիմա»,- նշեց նախարարը։ Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցը վերաբերում էր արարողակարգային ծառայությանը. «Արդյո՞ք այս դեպքում արդեն ԱԺ արարողակարգային ծառայությունը չպետք է լուծարվեր։ Մյուս հարցս` եթե վարչապետը դավաճանություն անի, այս դեպքում ԱԱԾ ու Ոստիկանությունը, որոնք ենթակա են վարչապետին, ինչպե՞ս են վարվելու»: «Դուք իրավացի եք, այո, դա իմ բաց թողումն է, պետք է փոփոխության ենթարկվի ԱԺ այդ հատվածը ու լուծարվի։ Ինչ վերաբերում է վարչապետի դավաճանությանը, ապա ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը ծառայություն են, ինքնուրույն են, չեն մասնակցում քաղաքական որոշումներին»,-պատասխանեց նախարարը։