Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը

Հասարակություն
vahan-ter-xevondyan

Մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքում կայացավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը: Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։ Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Այնուհետև խորհուրդն անցկացրեց փակ, գաղտնի քվեարկություն: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվեց Մատենադարանի տնօրեն: Ստորև ներկայացնում ենք Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի կենսագրությունը. -Ծնվել է 1961 թվականի օգոստոսի 12-ին, Երևանում, հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղևոնդյանի և հնագետ Սեդա Դևեջյանի ընտանիքում: -1978 թ. ավարտել է Երևանի թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը: -1978-1983 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ: -1983-1986 թթ. ուսանել և ավարտել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թ.-ից. -1986-1991թթ. Աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնում որպես գիտաշխատող: -1991-1993 թթ. ՀՀ նախագահի օգնական: -1993-1995 թթ. Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար: -1995-1998 թթ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգենտինայում (համատեղությամբ նաև Ուրուգվայում և Բրազիլիայում): -1998-2003 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն: -2003-2005 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական: -2006-2008 թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանի Հանրապետությունում: -2008-2011թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ: -2008 թ. ցայսօր համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող: -2012 թ.-ից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ: -2014 թ.-ից Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար (համատեղելով բաժնի վարիչի պաշտոնը): -2016-2018թթ. Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար: -2018թ մարտի 6-ից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը: Գիտական և գիտամանկավարժական գործունեությունը. -1989 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թթ.» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: -2017 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան պետությունները» թեմայով և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: -1988-2014 թթ. (ընդմիջումներով) հայագիտական ու արևելագիտական առարկաներ է դասավանդել Երևանի պետական համալսարանում, Սբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Աճառյան համալսարանում, Բեյրութի Հայկազյան համալսարանում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնում: - Հեղինակ է երկու մենագրության (որոնցից առաջինը թարգմանվել է նաև ֆրանսերեն և արաբերեն), քսանհինգ գիտական հոդվածների (հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լիբանանում), կազմել և հրատարակել է պատմագիտական ու աղբյուրագիտական բնույթի ևս վեց այլ գրքեր: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի և արաբերենի: Ամուսնացած է, ունի մեկ զավակ: