Կարևորել են Ուկրաինա-Իրան տրանսպորտային միջանցքի առանձնահատկությունները

Վահան Մարտիրոսյանը ընդունել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության պատվիրակությանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունեց Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վիկտոր Դովգանի գլխավորած պատվիրակությանը։

Վ. Դովգանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, հույս հայտնեց, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջիկայում կշարունակվի և հաջողություններ կգրանցի։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Երևանում մարտի 5-ին մեկնարկած «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցում են նաև Ուկրաինայի ներկայացուցիչները։

Քննարկվեցին երկու երկրների միջև բեռնափոխադրումների ընդլայնմանը, մասնավորապես, 2007թ. կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու, գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

Նախարարը, ընդգծելով Ուկրաինա-Իրան տրանսպորտային միջանցքի առանձնահատկությունները, կարևորեց Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպումը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին քննարկելու այդ միջանցքի շուրջ հնարավոր ծրագրերը:

Վահան Մարտիրոսյանը Վիկտոր Դովգանին ներկայացրեց Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի առանձնահատկությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կարևորությունը, նաև տրանսպորտի բնագավառի առաջնահերթությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ առաջիկայում նախատեսվող մի շարք աշխատանքների շուրջ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն