Այստեղ սովորում են, որ Չինաստանում հայերեն դասավանդեն (տեսանյութ)

Շի Խենգյուն  ու Հի Յանգը Երևանի Պետական Համալսարանի ուսանողներ են։  Չինաստանի կառավարության կրթաթոշակային ծրագրով Հին սովորում է ռոմանոգերմանական ֆակուլտետում, իսկ Շին նախապատրաստական կուրսեր է անցնում և սեպտեմբերից ուսանելու է հայ բանասիրության ֆակուլտետում։ Մոտ մեկ տարի է նրանք Հայաստանում են  հայերեն սովորելու նպատակով,  որ հետո իրենց հայրենիքում դասավանդեն։  Չին ուսանողուհիները ամեն օր համալսարան են գնում Եղիշե Չարենցի  հուշարձանի մոտով։ Հարցին, թե գիտե՞ն ում հուշարձանն է, աղջիկները դրական են պատասխանում.

«Չարենցի, մենք ծանոթ ենք նրա պոեզիային, նախապատրաստական դասընթացներում նրա պոեմներն էինք անցնում»:

 Նրանց  հատկապես  դուր է  գալիս  Հայաստանի բնությունը.

«Երբ ապրում ես Հայաստանում, ամեն օր մի հայկական բան ես քեզ համար բացահայտում, մենք շրջել ենք Հայաստանով մեկ, եղել ենք Ծաղկաձորում, Գյումրիում, տեսել ենք Տաթևի վանքը, ես շատ եմ հավանում Հայաստանի սարերը, դրանք հրաշալի են»:

   Աղջիկները ժամանակի մեծ մասը Շիի տանն են անցկացնում, որն էլ մոտ է համալսարանին։ Չինուհիները մեզ թեյ հյուրասիրեցին։   23-ամյա  Շին Չինաստանում թեյի բիզնեսի համասեփակատեր է, այստեղ իրենց աճեցրած թեյն են խմում։ Աղջիկների մտքին եկած առաջին հայերեն բառը հենց թեյն է:

«Չինաստանում թեյարաններ ենք գնում, թեյի տարբեր տեսակներ ունենք, այստեղ Երևանում 3-4 տեսակի թեյ ունեմ»:

Չինուհիներին դուր է գալիս հայկական խոհանոցը։

«Հայկական խորովածն եմ շատ սիրում, մերն էլ ունենք, բայց լրիվ այլ է, հայկականն ուրիշ է»։

Ժամանակ առ ժամանակ Երևանում բնակվող չինացիներով հավաքվում են, վերջերս էլ ռեստորանում չինական նոր տարին են նշել, որին հայեր էլ են հրավիրված եղել:

«Հայերը շատ լավն են, բարի են, ընկերասեր, օգնող: Կարող ես տարբեր հարցերի դեպքում տարբեր մարդկանց դիմել օգնության համար»- նշում են աղջիկները։

Նրանք   դեռ 4 տարի Հայաստանում են մնալու։ Վստահ են, որ հաջորդ հարցազրույցը հայերեն են տալու, բայց փոխարենը  խոստում են պահանջում, որ  իրենց շաշկի կսովերեցնենք։